Այս էջը հաստատված է

Խեղճն ստիպված էր կծկվել շարունակ մի կողմի վրա, գարշահոտ ցեխի մեջ... և անկարող օգտվելու այն մի կտոր ճաթից (կորեկահաց) ու գավաթ ջրից, որ դրել էին նրա առաջ իբրև կերակուր։

Եվ ահա բորբոսնած խորշերի կողմը լսվեցավ ոտնատրոփ, փականքը շարժեցին և ժանգահար դուռը բացվեցավ: Երեցը փորձեց գլուխը վեր առնել, բայց չկարողացավ, միայն մարմնի շարժվելով ոտքերի և օղակի շղթաները շաչեցին։

— Հա, քեշիշ, ի՞նչպես է քեֆդ.— հնչեց հանկարծ նկուղի մեջ Շահռուխի ծաղրող ձայնը։

Կապյալը չպատասխանեց։ Նրան մինչև անգամ չհուզեց այցելուի ծաղրը։

— Անշուշտ, գոհ ես քո վիճակից և շարունակ աղոթում ես. այնպես չէ՞,— հեգնեց բեկը նորեն և մի քայլ առաջ անցավ։

— Գոհ եմ և աղոթում եմ...— պատասխանեց երեցը կիսաձայն։

— Չեմ զարմանում, հայ չե՞ս,— հարեց բեկը և ապա դառնալով իրեն հետևող բանտապետին՝ ասաց.— այստեղ անկարելի է շնչել. վերև հանիր սրան։

Այս ասելով Շահռուխը դուրս գնաց. բանտապետը մոտենալով երեցին՝ արձակեց ձեռները գելարանից, հանեց օղակը պարանոցից և թողնելով միայն ոտքերի շղթաները՝ առաջնորդեց նրան դեպի վեր։

Մտնելով բանդապետի սենյակը, Շահռուխը սպասում էր երեցին և միևնույն ժամանակ մտածում թե՝ ի՞նչ եղանակով սկսե զրույցը, որպեսզի հաջողություն ունենա.— արդյոք բարկությամբ ու սպառնալիքով, թե՞ քաղցրությամբ և համոզիչ խոսքերով, շշնջում էր նա ինքնիրեն։

Մինչև երեցի տևսնիլն, այո, նա այն կարծիքին էր թե՝ կապանքների խստությունը ճնշած կլինի կապյալի կամակորությունը և, հետևապես, մի քանի նոր սպառնալիքներ կհաղթահարեն նրան բոլորովին։ Բայց երբ յուր արած ծաղրական հարցի պատասխանը լսեց, նա համոզվեցավ որ քահանայի մեջ տա կավին չէ ընկճվել հոգեկան արիությունը: