Այս էջը հաստատված է

Ուստի որոշում է խոսել նրա հետ կարելույն չափ մեղմ և ամոք եղանակով:

Բայց ի՞նչ հաջողություն էր սպասում բեկը։ Մի՞թե, արդարև, նա հետաքրքրվում էր քահանայի կրոնափոխությամբ, կամ մտածում էր այն մասին թե՝ շահին անպատվողը անպատճառ պիտի պատժվի՞։ Իհարկե ոչ։ Նա իբրև մինը բնության այն այլանդակություններից, որոնք ապրում և վայելում են կյանքը միշտ ուրիշների կենաց և արյան գնով մտածում էր միայն յուր հաճույքների, յուր զգայական զվարճությանց մասին։ Նա չէր մոռանում այն աղջկան, որին մի օր խլել էին իրենից. չէր մոռանում և այն անպատվությունը, որ կրել էր նրա պատճառով։ Եվ ահա այժմ, երբ բախտը հաջողում էր իրեն, նա կամենում էր օգտվիլ այդ հաջողությունից։ Նա տեսնում էր հակառակորդին յուր ճանկերում, ուրեմն և պիտի ճնշեր նրան որքան ուժերը կթույլատրեին, մինչև որ կդարձներ յուր հին կորուստը, մինչև որ կլուծեր յուր պատվի վրեժը...»

Երբ երեցը ներս մտավ՝ Շահռուխը հրամայեց բանտապետին հեռանալ։ Ապա դառնալով քահանային, որ հյուծված դեմքով և տխուր աչքերով կանգնել էր առաջ, հրցրեց.

— Ճանաչում ես դու ինձ։

Երեցը նայեց նրա վրա դեմքի խաղաղ արտահայտությամբ, հազիվ նշմարելի արհամարհանքով և ապա հայացքը դարձրեց ուրիշ կողմ։

— Չե՞ս պատասխանում ինձ,— հարցրեց Շահռուխը կրկին։

— Ճանաչում եմ,— պատասխանեց երեցը անփույթ եղանակով։

— Իհարկե, կճանաչես։ Բայց ի՞նչ կարծիք ունիս այժմ իմ մասին:

— Քաջ ես և հզոր,— պատասխանեց երեցը հեգնորեն։

— Այդքա՞ն միայն։

— Եվ ամենակարող։

— Այդ է ճիշտ պատասխանը,— հարեց Շահռուխը ժպտալով ապա, կարծես, համոզված որ երեցը խոսում է