լրջությամբ, ավելացրեց.— այժմ ես կհայտնեմ քեզ իմ այցելության պատճառը: Քո հանցանքը, բարեկամ, ամենածանրն է և աններելին։ Ուստի արքայի հրամանը պիտի համարես անդառնալի։ Դու կամ պիտի մեռնես և կամ մահմեդականություն ընդունես։ Ազատության ուրիշ ելք չունիս։
— Կմեռնեմ,— պատասխանեց երեցը։
— Բայց ես կամենում եմ փրկել քեզ. ես խնայում եմ քո երիտասարդությունը։
— Շնորհակալ եմ։
— Ես խնայում եմ քեզ, նաև, իբրև իմ հայրենակցի, դու պիտանի մարդ ես և ափսոս է որ մեռնես։
— Եթե աստված մահ է սահմանել ինձ համար, մարդիկ չեն կարող այդ մահն արգիլել։
— Բայց դու ասացիր որ ես ամենակարող եմ. ուրեմն հավատա որ պիտի փրկեմ քեզ։
Երեցը զարմացած նայում էր Շահռուխին և չէր կարողանում հասկանալ թե՝ ի՞նչ տարօրինակ հոգածություն է այս որ յուր նախկին հակառակորդը ցույց է տալիս այժմ իրեն։
— Այո, պիտի փրկեմ, կրկնեց Շահռուխը, բայց դրա համար կպահանջեմ քեզնից մի թեթև վարձատրություն։
— Այսինքն։
— Այնպիսի վարձատրություն, որը քո մեռնելուց հետ պիտի հասնե ինձ, բայց ես կամենում եմ որ քո ձեռքով լինի տրված։
— Ես, ինչպես գիտեք, մի աղքատ քահանա եմ և գանձեր չունիմ, պատասխանեց երեցը, կարծելով թե բեկը, իբրև արծաթասեր պարսիկ, կաշառքի համար է խոսում։
— Օ, դու ունիս մի գանձ, որ ինձ կարող է լիուլի գոհացնել,— հարեց Շահռուխն աշխույժով։
— Ի՞նչ գանձ է այդ։
— Եվ որը, գուցե, կորցրել է յուր հարգը քո աչքում։ Այդպես է աշխարհում առհասարակ։ Ամենալավ բանն իսկ ձանձրացնում է մարդուն, երբ նա այդ լավը շարունակ յուր ձեռքում, յուր մոտն է ունենում...