Այս էջը հաստատված է


հարստությունը դարձավ իմ սեփականություն։ Ուրեմն այն, ինչ որ ես պահանջում եմ, կստանամ և առանց քեզ, միայն թե՝ ինչպես առաջ էլ ասացի, ցանկանում եմ որ այդ լինի քո կամքով և հաճությամբ, որպեսզի դրա փոխարեն՝ ես էլ քո կյանքն ազատեմ և իմ խղճի առաջ պարտապան չմնամ քեզ ոչնչով։

— Քեզ մինչև վերջը լսեցի, բեկ, և մեծ ուժ գործ դրի լսել կարողանալու համար... այժմ աղաչում եմ վերջին անգամ, հրամայիր հեռացնել ինձ այստեղից. ես չեմ կամենում ավելին խոսել։

— Ապուշ, ես քեզ խոսք եմ ասում, իսկ դու քո՞նն ես կրկնում։ Իմացիր որ քո առաջ երկու ճանապարհ կա միայն. կամ նամակ պիտի գրես ծնողներիդ՝ և պատվիրես՝ որ Վարդենին ղրկեն ինձ մոտ (իբր թե քո գործի առթիվ հարցուփորձվելու), և ինքդ սպասես ազատության, և կամ դահիճների հետ պիտի քարշ գաս մինչ շահի դուռը՝ այնտեղ հրապարակով մեր սուրբ կրոնն ընդունելու։ Ընտրիր այդ երկուսից ո՛րն էլ կամենաս. բայց ընտրիր շուտով. առանց ժամանակ կորցնելու։

Երեցի հուզմունքը հետզհետե աճում էր, նա խուլ հառաչում էր և ծանր շունչ էր քաշում. կարծես թե սիրտը պատրաստվում էր պայթելու։

— Ես քեզ խորհուրդ եմ տալիս ընտրել փրկության ճանապարհը, շարունակեց բեկը տեղից վեր կենալով և երեցին մոտենալով.— ի՞նչ բան է կինը, արժե՞ միթե նրա պատճառով մեռնել կամ կախվել... նա փոխադրական մի ստացվածք է, այսօր քոնն է, վաղը ուրիշինը... գրիր որ ղրկեն նրան ինձ և թող ղրկեն հենց այս երեկո, իսկ վաղը դու ազատված կլինես...։

— Գարշելի սրիկա, պիտի լռե՞ս թե ոչ,— գոչեց զայրույթից դողալով և այլագունելով։

— Ի՞նչ, «գարշելի սրիկա՞», այդ դո՞ւ ասացիր, անհավա՛տ շուն, դու մինչև այդտեղ լրբացա՞ր... այս ասելով բեկը մի զորավոր ապտակ իջեցրեց խեղճ կալանավորի դեմքին։ Երեցն, որ արդեն ուժազուրկ էր, երերաց, և որովհետև