Այս հայտնության հետ միասին բեկը բարդեց քահանայի վրա նաև այնպիսի զրպարտություններ, որոնք շահի զայրույթը սաստիկ գրգռեցին։ Նա դուրս ելավ անմիջապես հանդուգն կալանավորին տեսնելու և անձամբ հրամայելու՝ որ գանակոծեն նրան յուր իսկ աչքի առաջ։
Պատահելով սրահում հայոց երևելիներին՝ շահը բարկությամբ հարցրեց թե՝ ինչո՞ւ համար են ժողովվել։
— Եկել ենք մեծափառ վեհապետիդ ոտքերը համբուրելու և համայն Սիսականի ժողովրդյան կողմից թողություն խնդրելու այն քահանայի համար, որ անմտանալով՝ արևափայլ շահնշահիդ արդար զայրույթը գրգռեց։
Այս խոսքերով մոտեցավ թագավորին առաջնորդ վարդապետը և ծունկ չոքելով նրա առաջ՝ կամեցավ ոտքերը համբուրել։
Նույն ձևով գետին խոնարհեցին նաև առաջնորդի հետևորդները։
Շահը զայրույթից կատաղեց։
— Թշվառականներ, ինչպե՞ք եք համարձակվում թողություն խնդրել մի սրիկայի համար, որ հանդգնել է անարգել Իրանի հզոր գահակալին, ձեր թագավորին և վեհապետին,—գոռաց նա վարդապետի վրա։
— Երիտասարդական անփորձությունը, տեր, մոլորեցրել է նրան, եթե մեծափառ շահը հաճի այս անգամ արժանացնել հանցվորին յուր մարդասեր գթության, այնուհետև նա շահնշահի ջերմեռանդ երկրպագուն կդառնա։
— Կարճիր լեզուդ, ապուշ, շահնշահը ունի բյուրավոր երկրպագուներ, նա կարոտ չէ մի սինլքոր սևազգեստի երկրպագության։
— Բայց խեղճ սևազգեստը, նրա զառամյալ ծնողները և անմխիթար ամուսինը կարոտում են մեծափառ շահնշահի գթության...
— Եթե կհամարձակիս երկրորդել խնդիրդ, քեզ կախել կտամ իսկույն, գոչեց թագավորը զայրագին։
Վարդապետը ետ կասեց, երկյուղից այլագունելով։ Բայց նրա հետևորդներից մի քանիսը, որոնք հայտնի մելիքներ և ազնվականներ էին, առաջ անցնելով՝ ծունկ խոնարհեցին