դեմքը և շղթաներից ճնշվող քայլվածքը ծանր տպավորություն արավ շրջապատողների վրա, ուստի և շատերի կրծքից հառաչանքներ թռան։Այդ երևի հանցանք էր: Ֆարրաշները ետ մղեցին հառաչել համարձակվողներին և ոմանց էլ հարվածներ հասցրին։ Բայց երբ թագավորի ձայնը նորից հնչեց, ամեն մի շարժում յուր տեղը սառեցավ։
— Կատարեցի՞ ր դու իմ հրամանը,— հարցրեց շահը երեցին։
— Ես բանտարկվեցա խավարչտին զնդանում և կրեցի այն բոլոր տանջանքները, ինչ որ շահնշահի հրամանը որոշեց.. նվաղած ձայնով պատասխանեց քահանան։
— Այս մասին չէր իմ հարցը. պատրաստվեցա՞ր արդյոք դավանածդ կրոնը թողնելու։
— Իմ կրոնը թողնելո՞ւ... այդ մասին չեմ էլ մտածել։
— Բայց ես հրամայեցի քեզ:
— Իսկ ես պատասխանեցի թե՝ չեմ կարող այդ հրամանը կատարել։
— Եվ պնդում ես դու քո պատասխանի վրա՞։
— Պնդում եմ։
— Եվ չի պիտի դառնաս այդ որոշումից։
— Երբեք։
— Դահիճներ, մերկացրեք այդ անզգամին,— զոչեց թագավորը, և ապա դառնալով հայոց մեծամեծներին՝ զայրացած հարցրեց.
— Սրա՞ համար էիք միջնորդում...։
Ոչ ոք չպատասխանեց։
— Գոնե խոստովանո՞ւմ եք հանցավոր լինելնիդ...— հարցրեց նորեն շահը, բայց այս անգամ այնպիսի եղանակով, որից կարելի էր գուշակել թե՝ ինչ փոթորիկ պիտի բարձրանա՝ եթե հայերից մինը համարձակվի արդարացնել իրեն։
— Հանցավոր ենք, տեր,— ձայն տվին վերջիններս գրեթե միաբերան։
— Թող ուրեմն ձեր հանցանքն ևս քավե այս կամակորը,— հարեց թաղավորը և ապա դառնալով դահիճներին որոնք երեցին մերկացրել էին կիսով չափ, հրամայեց,—