— Թեպետ ավելորդ է, բայց հոգ չէ, տվեք. մեր ստորագրությունը կարող է ուրիշներին էլ խրախուսել....— ասաց տիկինը և վերցնելով մատյանը, մոտեցավ սենյակի անկյունում դրված փոքրիկ, թավշապատ գրասեղանին, որի վրա փայլում էր արծաթե սիրուն կաղամար՝ ոսկե գրչով և ստորագրեց մատյանի մեջ տված նվերը:
Տիկնոջ վերջին խոսքը թե՝ «մեր ստորագրությունը կարող է ուրիշներին էլ խրախուսել», օրիորդ Սևիկյանի սիրտը ուրախությամբ լցրեց, «Ծրարի մեջ ուրեմն բավական բան կա» մտածեց նա ինքն իրեն և առանց տիկնոջ ստորագրությանը նայելու՝ առավ մատյանը՝ սրտագին շնորհակալություն անելով դուրս գնաց:
Օրիորդ Փամբուկյանը հետևեց ընկերուհուն մինչև նախասենյակը։
— Լուսի՛կ. ասա՛ խնդրում եմ, ի՞նչ ընտանեկան ծանր խնդիր է, որի մասին երեկ և այսօր ակնարկեց տիկինը և որի անհաջող լուծումը վիշտ է պատճառել նրան, հարցրեց օր. Սևիկյանը ընկերուհուն, երբ նրանք նախասենյակն անցան։
— Ընտանեկան խնդի՞ր... ծանր վի՞շտ... ի՞նչ ասեմ, սիրելիս, ամաչում եմ... լավ է որ չիմանաս։
— Խնդրում եմ ասա՛, բաց արա ինձ այդ գաղտնիքը,— թախանձեց Սոփին։
— Բայց ախր անմիտ բան է, է՜...
— Միևնույն է, ասա, ես սաստիկ հետաքրքրվում եմ։
— Դու տեսել ես դրանց կառքն ու ձիերը։
— Այո՛, երեկ տեսա։
— Այդ կառքն ու ձիերը նոր են բերել տվել Պետերբուրգից: Տիկինը ցանկանում և պահանջում էր, որ ձիաների արտաքինը եվրոպական տարազով լինի, այսինքն որ նրանց պոչերի 2/3 մասը կտրվեն, ինչպես այդ անում են եվրոպական մեծ քաղաքներում, իսկ ամուսինը հակառակում է։
— Լուսիկ, դու կատա՞կ ես անում,— վիրավորվելով հարցրեց Սոփին։
— Ոչ, սիրելիս, ես իսկությունն եմ հայտնում։
— Բայց անկարելի է, որ այդ լինի հիշված ընտանեկան հոգսը։