Այս էջը հաստատված է

հոգին տակավին զորեղ և արիությունն անպարտելի էր։ Նույնիսկ յուր տանջանքների մեջ նա գտնում էր սփոփանք, այն մտածությամբ թե՝ համայն Սիսականի ժողովուրդը ցավում է յուր համար և համակվում յուր վշտով. թե դահիճների ամեն մի հարվածն՝ յուր մարմնին ցավ պատճառելուց առաջ մորմոքում ու կսկծեցնում էր յուր տանջանքները դիտող հայ մարդկանց սրտերը... նա մխիթարվում էր մանավանդ այն հավատով, որ յուր, տանջանքների գնով փրկել է դահիճների ձեռքից հարյուրավոր հայ մարդիկ և արգելք եղել «մանկաժողովին», որ ամեն հայի տուն լաց ու կոծով պիտի լցներ: Եվ այս ամենը այնքան էր զորացնում հայրենասեր երեցի հոգին, որ նա մոռանում էր յուր տանջանքները և հաճախ անզգայանում դեպի կապանքների խստությունը։

Եվ սակայն յուրմով բարերարյալ հայերն ևս պարապ չէին նստած։ Երբ նրանք տեսան թե հայ մեծամեծների միջնորդությունը ապարդյուն անցավ, մտածեցին դիմել շահի նախարարների և ավագանու բարեխոսության։ Դրա համար իհարկե հարկավոր էր մեծաքանակ գումար, որպեսզի կարողանային իշխաններից յուրաքանչյուրին գոհացնել ըստ արժանվույն։ Այդ նպատակով առաջավոր հայերը դիմեցին Ժողովարարության, որի արդյունքը եղավ սպասածից ավելի։ Որովհետև աղքատը չխնայեց յուր լուման, հարուստը՝ յուր ոսկիները, իսկ կանայք և աղջկունք՝ իրենց զարդերը։

Ավագանին, իհարկե, չկարողացավ մերժել հայերից առաջարկված նվերները, զի ըստ արժանյացն ու քանակին կարի գրավիչ էին. ուստի և հանձն առավ բարեխոսել երեցի ազատության համար։ Բայց երբ նրանք միահամուռ ներկայացան թագավորին և իրենց խոնարհ խնդիրն առաջարկեցին, վերջինս զայրացավ, որովհետև գուշակեց որ այդ իշխանները դիմել են իրեն ոչ թե կարեկցության զգացումից դրդված, այլ գրավված հայոց առատ ոսկիներից։ Այդ պատճառով ոչ միայն նրանց խնդիրը չընդունեց և աղաչանքներին չզիջավ, այլև երդվեց յուր գլխով՝ որ երբեք չի ներիլ ստահակ քահանային մինչև նա սրտանց չի ուրանալ հավատը և թլփատվելով՝ մահմեդական չի դառնալ։