Այս էջը հաստատված է

Հայերի հույսը բոլորովին կտրվեցավ։ Այլևս միջնորդելու ճանապարհ չէր մնում։ Այդ պատճառով գործող անձինք աշխատելուց դադարեցին և թշվառ քահանայի վիճակը թողեցին բախտի կամքին։

Եվ սակայն հենց այդ հուսահատության միջոցին երևան եկավ մի ուրիշ ուժ, որ հույս ներշնչեց լքված սրտերին։ — Դա հայ կինն էր, որ գալիս էր յուր ժառանգական պարտքը կատարելու. այն է՝ տագնապի րոպեին այր մարդուն оգնության հասնելու։ Եվ նա ասպարեզ եկավ ի դեմս խոջա-Անձրևի կնոջ՝ Սառա-խաթունի, որն այդ միջոցին գտնվում էր Ագուլիսում և որին ոչ միայն ճանաչում էր Շահաբասը, այլև հարգում իբր արժանավոր կնոջ և նրան իրեն «մայր» էր անվանում։

— Դուք արդեն ձեր պարտքը լիուլի կատարեցիք, թույլ տվեք որ մենք էլ մերը կատարենք,— ասաց Սառան ամուսնուն, երբ վերջինս հայտնեց նրան նախարարների միջնորդության անհաջողությունը։

— Ի՞նչ կարող եք անել,— հարցրեց Անձրևը։

— Այն՝ ինչ որ դուք արիք,— պատասխանեց Աառան. մենք ևս կերթանք միջնորդելու։

— Եվ ոչինչ չեք շահիլ,— հարեց խոջան։

— Բայց չենք կորցնիլ ավելի՝ քան ինչ որ կորուսել ենք. եթե շահը մինչև անգամ անտես անե մեր խնդիրը, գեթ մեզ կմնա այն մխիթարությունը թե՝ մենք անգործ չնստեցինք, երբ այր մարդիկ գործում էին։

Խոջա Անձրևը չհակառակեց, բայց ցանկացավ այդ մասին առաջնորդ վարդապետի և հայ մեծամեծների կարծիքը հարցնել։

Վերջիններս ոչ միայն հուսադրական գտան խաթունի առաջարկությունը, այլև գովեցին նրան՝ այդպիսիր հաջող միտք հղանալուն համար։

Եվ Աառան մտավ հայ ընտանիքները՝ հրավեր կարդալու չուր սեռի ներկայացուցիչներին։