Այս էջը հաստատված է

— Այդ է. դրա մասին էր ամուսինների այս երկու օրվա վեճը։

— Եվ ուրեմն մեր այս դժբախտության օրերում, երբ մի կողմից կոտորում և մյուս կողմից հալածում են մեր թշվառ հայրենակիցներին՝ ձիերի պոչովն են զբաղված այդ միլիոներները։

— Այո՛, ինչպես տեսնում ես։ Օրիորդ Սևիկյանր չէր հավատալ ընկերուհու խոսքերին, եթե նախընթաց օրը յուր ականջով լսած չլիներ «կտրել կամ չկտրելու» մասին եղած վիճաբանությունը: Նա մի վայրկյան մնաց սառած և ապուշ-ապուշ նայում էր ընկերուհու աչքերին:

Ապա հանկարծ մտաբերեց տիկնոջ նվերը և շտապով մատյանը բացավ տեսնելու համար, թե ի՞նչ է ստորագրվել։ Եվ որքան եղավ նրա զարմանքը, երբ այդտեղ ստորագրած գտավ միայն 10 ռուբլի: Օրիորդը, կարծես, չհավատաց յուր աչքերին և շտապեց ծրարը բանալ, որ հաստ թղթից լինելով՝ բազմապարունակ էր թվացել իրեն։ Եվ սակայն այդտեղ էլ՝ մի ուրիշ ծալած թղթի մեջտեղում, դրված էր միայն երկու 5-անոց, որոնց գումարը, ինչպես հայտնի է մաթեմատիկոսներին, դարձյալ լինում էր 10 ռուբլի։

Օրիորդ Սևիկյանը հիշեց իսկույն ուսուցչանոցում արած վիճաբանությունը, պ. Մեհերյանի հետ բռնած գրազը և ամոթից ու բարկությունից շառագունեց։ Չկարողանալով այլևս խոսել ընկերուհու հետ, նա ծրարը դրավ մատյանի մեջ և «մնաս բարև» ասելով արագ-արագ իջավ սանդուղքից։

— Սո՛փիա, Սո՛փիա, լսիր ինձ, խոսք եմ ասում,— կանչեց Լուսիկը նրա հետևից, բայց Սոփիան առանց ետ նայելու դուրս թռավ փողոց։

Հազիվ նա հասավ Երևանյան հրապարակը և ահա՛, կարծես դիտմամբ, նրա դեմը ելավ օրիորդ Լազարյանը։

— Հա՛, Սոփի, ի՞նչ արիր, ստացա՞ր հազար ռուբլին. մերոնք այսօր էլ հավաքված են, քեզ են սպասում։

— Ի՞նձ...

— Այո՛, դեռ էլի շարունակում են վիճաբանությունը։ Պ. տեսուչը քո կողմն է և հույս ունի, որ Մեհերյանին պիտի չոքացնես ուսուցչանոցում...