Այս էջը հաստատված է

Հարեց իսկույն Սառան՝ առաջանալով դեպի թագավորը և երկրպագելով նրան։— Բայց խանի աչքերը պիտի նշմարեին մորը,— նկատեց թագավորը ժպտալով։

— Եթե խանը հավաստի լիներ թե շահը չի մոռացել այդ մորը...— վրա բերավ Սառան։

— Մոռանա՞լ, երբեք. շահը չի մոռանում արժանիք ունեցողներին։ Ես լավ հիշում եմ թե՝ ո՛րպիսի հոգածությամբ էիր հսկում դու Ջուղայում ինձ համար պատրաստվող խրախությանց վրա: Թե ինչպե՛ս էիր հոգում որ քո եղբոր, խոջա-Խաչիկի տանը ամեն ինչ իմ աչքերը տեսնեն քաղցր և հաճոյական։ Ես չեմ մոռացել թե՝ ի՛նչպես քո մի խելոք ու ազդու խոսքով դու զրկանք պատճառեցիր ինձ... և սակայն այդ զրկանքը փոխանակ ատելի անելու՝ սիրելի դարձրեց քեզ իմ աչքում...— Ո՞վ է ձեզանից այդ դեպքը հիշում, — դարձավ Շահն իշխաններին։

— Ես չեմ մոռացել, տեր իմ.— հառաջեց Ամիրգյունեն։

— Պատմիր։ Թող իշխաններին լսեն,— ասաց թագավորը ժպտալով։

— Երբ ես ու Զիլֆըգար խանը առաջին անգամ մտանք Ջուղա՝ որպեսզի այդտեղ ընդունելություն պատրաստենք քեզ համար, տեսանք որ տեղացի հայերը ամեն ինչ պատրաստել էին մեր ցանկացածից ավելի։ Բայց երբ ուշադրությամբ դիտում էինք այդ պատրաստությունները՝ տեսնելու համար թե՝ չկա՞ արդյոք դրանց մեջ արքայիդ անհաճո մի թերություն, Զիլֆըգար խանը նկատեց.

— Այս շքեղ պատրաստություններին պակասում են մի քանի հատ գեղեցկուհիներ, որոնց հայ ժողովուրդը նվեր պիտի բերե շահին...։

Հայոց համար, ըստ երևույթին, ծանր ու անսովոր ընծայաբերություն էր այդ: Այնուամենայնիվ, նրանք մեր պահանջը մերժելու փորձ անգամ չարին։ Ամենալավ ընտանիքներից ընտրվեցան յոթ գեղանի օրիորդներ, որոնց և, ինչպես կհիշես, ներկայացրին արքայիդ խոջա-Խաչիկի ապարանքում...։

— Այժմ ես կշարունակեմ, ընդհատեց Թագավորը.— բոլոր ընծաներից ավելի թանկագինն այդ գեղցկուհիներին