Այս էջը հաստատված է


Երբ նրանք մտան առանձնարանը, շահը դարձավ Շահռուխին։

— Այս ինչ հրաշալի գեղեցկուհուց ես զրկել ինձ, բեկ։

— Ոչ թե ես, այլ Ամիրգյունե խանը, տեր. եթե նա հանած չլիներ ինձ պաշտոնից՝ այս աղջիկը վաղուց Սպահանում կլիներ. պատասխանեց Շահռուխը, ուրախանալով որ դեպքը հաջողում է իրեն չարախոսել Ամիրգյունեից։

Բայց շահը, կարծես, չլսեց բեկի պատասխանը, նա ուրիշ մտքով էր զբաղված։ Գեղեցկուհու արտասովոր աչքերը նրա գութը շարժելու փոխարեն՝ ցանկական կրքերն էին վառել։

— Ով անմիտ երիտասարդություն...—բացականչեց նա հանկարծ.— ինչպես հեշտությամբ կարողանում էի այն ժամանակ զրկանքներ պատճառել ինձ. որպիսի ունայն պարկեշտությամբ հեռացրի Ջուղայեցի գեղեցկուհիներին, և այն՝ այս պառավի մի խոսքով... մի՞թե իրավունք ունեի այդքան անմտաբար վերաբերվիլ դեպի կյանքը, որ այնքան կարճ է և որն ստացել ենք աստծուց լիուլի վայելելու համար... Այժմ միայն, երբ արդեն անցնում են առնական տարիքս, ես մտաբերում եմ իմ գործած սխալները և հազիվ կյանքի հաճույքները գնահատում... ուշ է. այո. բայց և այնպես, դեռ մահը շուտ չի հասնիլ. վայելենք կյանքը, որքան կարող ենք, վայելենք, քանի հրապուրիչ է նա մեզ համար...։

— Անշուշտ, տեր իմ,— վրա բերավ Շահռուխը.— այդ իսկ պատճառով խորհուրդ տվի քեզ գալ Ագուլիս։ Բայց ափսոս անզգամ քահանան ծածկել է գեղեցիկների մեծագույն մասը և այն՝ այնպիսի ճարպիկությամբ որ իմ հետազոտություններն իսկ ապարդյուն անցան։

— Եվ սակայն, յուր չար բախտից, նա չէ կարողացել սեփական գեղեցկուհուն թաքցնել,— նկատեց թագավորը: Շահռուխը հասկացավ շահի միտքը և շտապեց հեռացնել նրա ուշադրությունը գեղեցիկ տիրուհուց, որին ինքը յուր սեփականությունն էր համարում:

— Այդ գեղեցկուհին, տեր իմ, անցցրել է արդեն տարիքը. նա արժանի չէ շահնշահի բարեհաճ ուշադրության, ասաց նա հոգածու եղանակով: