Էր անթափանցիկ։ Ագուլիսում, սակայն, ամենքը ոտքի վրա էին, այդ ժամանակ։ Ավանի մեջ տիրում էր անսովոր կենդանություն. փողոցները լցվել էին անցորդներով և մարդիկ ու կանայք՝ ծերեր թե երիտասարդներ, խումբ խումբ ժողովված դիմում էին դեպի բանտը։ նրանցից ոմանք գնում էին ծանրաքայլ, ուրիշներն՝ շտապով, բայց ամենքն, առհասարակ, տխուր և հուսահատ, շատերն էլ ցասկոտ դեմքով, որովհետև գնում էին հայ եկեղեցուն ու անվանը հասանելիք անարգանքն իրենց աչքով տեսնելու։
Բանտի առաջ տարածվող տափարակի վրա կանգնած էր բարձր կախաղանը, որի վրա տակավին բանում էին հյուսները, ըստ որում գործը նախընթաց երեկոյից սկսելով՝ դեռևս չէին ավարտել։ Սարվազները խարազանով ցրվում էին ամբոխը, որ հետզհետե ստվարանալով՝ խառնվում էր կախաղանի շուրջը և դեպի հյուսներն ուղղած լուտանքներով արգելք լինում նրանց աշխատության։
— Անամոթնե՛ր, անիծյալնե՛ր, ո՞ւմ համար եք այդ կախաղանը շինում... ինչո՞ւ եք պղծում ձեր արհեստը. ավելի լավ չէ՞ այդ ուրագներով ձեր գլուխը ջարդեք՝ քան թե դրանցով դևերին ծառայեք։ Չգիտե՞ք որ վարձերնիդ դժոխքում պիտի ստանաք, որ ազգ ու ազգատոհմով գեհենը պիտի թափվիք...։
Այս և նման լուտանքներ շարունակ ամբոխը տեղում էր դեպի հայ հյուսները. իսկ վերջինները և՛ բանում, և՛ արդարացնում էին իրենց.
— Ա՛յ բարի մարդիկ, ա՛յ քրիստոնյաներ, ինչո՞ւ եք մեզ հայհոյում. մենք հո մեր կամքով չե՞նք եկել այստեղ, մեզ զոռով են դուրս հանել տանից և զոռով էլ քարշ տվել այստեղ։ Աստուծո սիրուն համար՝ մի՛ անիծեք մեզ, խեղճ բանվորն ի՞նչ անի ֆարրաշբաշու հրամանի դեմ. ամեն մեկիս մեջքերին մտրակի տասնյակ հարվածներ են իջել. մեր ցավն արդեն բավական է, դո՞ւք ինչու եք մեզ տանջում...
Չնայելով այս միջանկյալ արգելքներին՝ այսուամենայնիվ, կախաղանի գործը վերջացավ։ Շուտով եկան մի քանի խումբ զինվորներ, որոնք փայտակերտը շրջապատեցին, որպեսզի պատժի գործադրության ժամանակ՝ ամբոխի շարժման առաջն առնեն։ Բայց վերջինը շարունակ ստվարանում էր և