Այս էջը հաստատված է

ընդարձակ տափարակը հետզհետե գրավում: Ագուլիսն ու Ղաշտը գրեթե դատարկվել էին. ամեն ոք ցանկացել էր վերջին անգամ տեսնել անզուգական հովվին, կամ ներկա լինել նրա հերոսական մահվան։ Եվ այդտեղ խռնվել էին ոչ միայն հասարակ մարդիկ, այլև բոլոր նշանավոր հայերն՝ իշխաններ, մելիքներ, դատավորներ, ամբողջ հայ հոգեվորականությունը, և, մինչև անգամ, կուսանոցի միանձնուհիք՝ շրջապատված կանանց բազմաթիվ խումբերով։

Այստեղ էին նաև, տեր-Անդրեի ծնողներն և նրա երիտասարդ ամուսինը, երեքն էլ վշտահար, ընկճված և դալկադեմ։ նրանց շրջապատել էին Ագուլիսի ընտիր և անվանի ընտանիքները, որոնք և մխիթարում ու սիրտ էին տալիս նրանց, որովհետև պառավն ու հարսը շարունակ լալիս և կոծում էին իրենց։ Ծերունին միայն անխռով էր։ Եվ թեպետ նրա զառամյալ դեմքի վրա ևս գլորվում էին արցունքներ, սակայն նա խրատում էր կնոջն ու հարսին՝ բնավ չվհատվել և տրտունջ չհայտնել։

— Մի՛ լաք,— ասում էր նա, այլ աղոթեցեք աստծուն, որ ուժ տա մեր որդուն՝ քաջությամբ փորձության այս բաժակը ըմպելու. աղոթեցեք, որ նա արիացնե Անդրեին անտրտունջ նահատակվելու և մեր եկեղեցու անունը աշխարհի առաջ փառավորելու։ Մեր որդին, այո , կարող էր այսուհետև հիսուն տարի ևս ապրել. բայց նա կմեռներ առանց յուր համար պարծանաց մի հիշատակ թողնելու. մինչդեռ այսօր մահ ընդունելով՝ նա դառնում է մարտիրոս և դասվում սուրբերի կարգը... մի՞թե սրանից ավելի մեծ մխիթարություն կարող է լինել մի ծնողի համար, որ ցանկանում է ունենալ բարեհիշատակ զավակ...

Այս խոսքերն, արդարև, ազդեցություն արին պառավի և հարսի վրա. նրանք լալուց դադարեցին։

Բայց հանկարծ բացվեցան բանտի դռները և երևաց դահիճների կարմրազգեստ խումբը, որ յուր մեջ առած բերում էր երեցին։ Պառավն ու հարսը նշմարեցին նրանց. զարհուրեցնող պատկերը կանացի սրտերը խորտակեց. երկուսն էլ միանվագ ճիչ արձակեցին և նվաղելով ընկան շրջապատող կանանց ձեռքերի վրա։