քեզ սպասում են երկու տեսակ վարձատրություն.— մինը կախաղանն է, որին արժանանում են գողերը, մարդասպանները և ամենից անարգ հանցագործները. մյուսը՝ արքայական ողորմածությունը, որին պիտի հետևին փառք, պատիվ, հարստություն և երջանկություն։ Առաջինը պիտի ընդունես՝ քրիստոնյա մնալով, երկրորդին պիտի արժանանաս՝ իսլամը դավանելով։ Խելոք եղիր, ուրեմն, և խնայիր քեզ, պարզե ձեռքդ դեպի ա՛յն վարձատրությունը, որ պատվավոր է և որը պիտի տա քեզ Մահմեդի սուրբ օրենքը...։
— Իզուր է հորդորդ, ո՛վ մարդ, ընդհատեց երեցը կրոնապետին. եթե մինչև այսօր կրածս տանջանքները չեն քաղցրացրել իմ աչքում կյանքն ու նրա բարիքները, ապա կախաղանը չի պիտի անե ավելին։ Նա, ընդհակառակն, վերջ կտա իմ տանջանքներին, որն հավետ ցանկալի է ինձ։ Ձեր կրոնը սովորեցնում է ձեզ՛ վայելել բարիքներն այս անցավոր աշխարհում, մերը սովորեցնում է՝ վայելել նույնը այն կյանքում, ուր ամեն ինչ անանց, ամեն ինչ հավիտենական է։ Ես պիտի հետևեմ իմ կրոնի ուսման. որովհետև նա է բարին և ճշմարիտը։ Միակ շնորհը, որ դու կարող ես անել, այդ այն է, որ խորհուրդ տաս քո կրոնի պարծանք եղող այս դահիճներին՝ վայրկյան առաջ կատարել իրենց վրա դրված պարտքը...։
— Այս մարդը չի դադարում հայհոյելուց. հրամայի՛ր կախել նրան,— դարձավ կրոնապետը վերակացուին։
Բայց վերջինս, որ խնայում էր քահանային ոչ միայն նրա երիտասարդության և արտաքին գեղեցկության պատճառով, այլև նրա համար, որ գաղտնի հրաման ուներ՝ ստիպել նրան ամեն կերպ՝ հավատն ուրանալու, մոտեցավ քահանային և սկսավ հորդորել նրան՝ կատարել արքայի ցանկությունը։
— Շահն առանձնապես պատվիրել է ինձ հայտնել քեզ, որ խոստացված վարձատրության տասնապատիկը պիտի ստանաս, եթե յուր ցանկությունը կատարես։ Արի՛, մի՛ համառիր, խնայիր քեզ, քո ծնողներին և ամուսնուն, և պաշտիր ընդհանուր աստվածը ոչ թե քո, այլ մեր հավատով։ Դրանով դու ոչինչ չես կորցնիլ, բայց կշահես կարի շատ...։
Այս և նման խոսքերով նա երկար հորդորում էր երեցին