Այս էջը հաստատված է

բայց տեսնելով որ սա անհողդողդ է, դիմեց շրջապատող հայերին.

— Ձեր բոլորի մեջ չկա այսպիսի մի տղամարդ, ինչո՞ւ գոնե դուք չեք խնայում նրան, ինչո՞ւ չեք գալիս և չեք հորդորում որ թողնե աս յուր մոլորությունը։ Մի՞թե պատվով ապրելը գերազանց չէ անպատիվ մահից:

Թեպետ վերակացուն խոսում էր իբրև կենցաղասեր պարսիկ, այսուամենայնիվ, գտնվեցան և հայեր, որոնք նրա հրավերն ընդունեցին և մոտենալով քահանային՝ խորհուրդ տվին նրան՝ ուրանալ հավատը, գոնե առերես, որպեսզի ազատվի կախաղանից։

— Մի՞թե այդպես չարին և հայ նախարարները, երբ Հազկերտը նրանց բանտարկեց Տիզբոնում,— շշնջաց երեցի ականջին գրագետ մելիքներից մինը:

— Այո՛, մելիք, այդպես արին հայոց նախարարները, պատասխանեց տեր-Անդրեն՝ տխուր ժպտալով,— սակայն նրանք մի ամբողջ հայրենիք ունեին ազատելու, ուստի և ուրացան։ Բայց իմ ազատելիքը մի թշվառ մարմին է, որն այսօր կա և վաղը չի լինի: Արժե՞ արդյոք որ ես դրա համար իմ հավատն ուրանամ և, իբր չար օրինակ, կենդանի շրջեմ իմ ժողովրդի առաջ...։

— Առերես ասացի, տեր հայր, միայն առերես.— շշնջաց մելիքը։

— Եվ ոչ իսկ առերես։ Մի՞թե չես հիշում Քրիստոսի պատվերը, «որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հոր իմո, որ հերկինս է».— ասաց նա յուր աշակերտներին։

Մելիքը կախեց գլուխը և հեռացավ։ Հեռացան նրա հետ և ուրիշներ։

Վերակացուն տեսնելով որ ոչ մի հորդոր չէ ազդում քահանայի վրա, հրամայեց իջեցնել կախաղանի կարթերը և ապա երեցին փայտակերտ պատվանդանի վրա հանելով՝ կանչել տվավ այդտեղ նրա ծնողներին և ասաց նրանց.

— Ահա մի քանի վայրկենից ձեր աչքով պիտի տեսնեք թե՝ ի՛նչպես այս կարթերը խրվում են ձեր որդու փափուկ մարմնի մեջ, թե ի՛նչպես այս օղակը սեղմում է նրա սպիտակ