տակ պարանոցը և մարմինը քաշելով տանում դեպի վեր և անշնչացնելով` օրորում օղի մեջ... պիտի տեսնեք թե` ի՛նչպես արյունը ժայթքում է նրա սիրուն բերանից և գեղեցիկ ղեմքը այլակերպվելով՝ սարսուռ է ազդում յուր վրա նայողին..։ Խղճացեք ուրեմն ձեր որդուն, խրատեցեք նրան ձեր ծնողական իշխանությամբ, գուցե նա թողնե յուր համառությունը։
Պառավը, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում, տեսնելով որդուն կախաղանի առաջ և շրջապատված դահիճներով, որոնցից ոմանք սրերն էին շողացնում, ոմանք՝ կարթերն ու խեղդանը պատրաստում, չկարողացավ այլևս ոտքի վրա մնալ.—«Անդրե, սիրելի զավակ, մի՞թե ես քեզ դրա համար ծնեցի...» մրմնջաց նա աղիողորմ ձայնով և թուլանալով ընկավ գետնի վրա։
Երեցը հրաման առնելով՝ իջավ փայտակերտից և ծնկան գալով մոր առաջ՝ գիրկն առավ նրան։
— Մի՛ տխրիր, մա՛յր իմ, որ սրա համար ծնեցիր ինձ,— ասաց նա արտասվագին,— այլ ուրախացիր, որովհետև որդիդ մեռնում է՝ միայն ապրելու համար... Երբ ես քո առաջ կարդում էի Շամունեի պատմությունը, դու հիանում էիր նրա քաջությամբ և երանում նրան այն պատճառովի որ յուր յոթ որդիներին հորդորեց նահատակվիլ հայրենի հավատո համար... ահա հասավ ժամանակը, մայր իմ, որ դու նմանվիս Շամունեին... օ՛ն, ուրեմն, քաջացիր և օրհնիր իմ ճանապարհը. թող հայ մայրերը օրինակ առնեն քեզնից, թող ամենքը սովորեն սուրբ գործի համար զոհել...
Երեցի խոսքերը ազդեցին մոր վրա. նա գրկեց որդուն, սեղմեց կրձքին և լսելով ասաց.
— Օրհնում եմ քո ճանապարհը, Անդրե. գնա մեռիր... եթե աստված մահ է սահմանել քեզ համար, ապա լավ է որ մեռնես մեր սուրբ հավատի համար, գնա, ես չեմ տխրում...։
Երեցը համբուրեց մորը ջերմագին և խլվելով նրա գրկից դիմեց ծերունուն։
— Դու ևս, հայր իմ, անշուշտ չես տխրում.— ասաց և գրկախառնվեց։
— Տխրի՞լ, քավ լիցի. ուրախության օր է այսօր, Անդրե. մի՞թե հայրը կտխրի յուր որդու անմահության համար...