Այս էջը հաստատված է


կարդալ.— «Հավատամք ի մի աստված, արարիչն երկնի և երկրի, երևելյաց և աներևութից...»։

Հազարավոր ժողովուրդը յուր միավորված ձեռքերն ամբառնալով՝ սկսավ երեցի հետ նույն «Հավատամքը» մրմնջալ։

Երբ կրոնապետն իմացավ որ քահանան յուր եկեղեցվո դավանությունն է կարդում, բարկացած գոչեց.

— Աղա՛ վեքիլ. այս մարդը փեյղամբարին ու նրա քարոզած կրոնն է հայհոյում, ինչո՞ւ չես հրամայում լռեցնել սրան։

Վերակացուի ակնարկելով՝ դահճապետը վազեց դեպի քահանան և սուրը շողացնելով նրա գլխին՝ գոչեց.

— Լռի՛ր, թշվառական,— ապա թե ոչ՝ գլուխդ թռցնում եմ իսկույն։

Դահճապետի սրի հետ միասին մի քանի ուրիշ սրեր ևս շողացին քահանայի շուրջը, բայց նա անքթիթ և բարձրաբարբառ շարունակում էր «հանգանակը»։

Եվ որովհետև հրամայված էր կախել երեցին, ուստի ոչ ոք սրի հարված չտվավ նրան, սրերը շողացնում էին միայն վախեցնելու համար։ Բայց երեցն անհողդողդ էր։

— Մոտեցրեք կարթերը և խրեցեք դրա կողերի մեջ, իջեցրեք խեղդանը և պարանոցն անցցբեք. թող այս համառ քրիստոնյան յուր աղոթքի մյուս կեսը կարդա օդի մեջ...— հրամայեց վերջապես վերակացուն և դահիճները դժոխային եռանդով գործի դիմեցին։

Բայց ահա, հենց այդ վայրկենին, երևաց հեծյալների մի խումբ որ սպիտակ դրոշը ծածանելով արշավասույր դեպի պատժարանն էր դիմում։

Երբ այդ մասին հայտնեցին վերակացուին, նա հրամայեց դահճապետին սպասել մի վայրկյան, որովհետև իմացավ որ եկողները շահի կողմիցն են։

Երբ հեծյալները մոտեցան հրապարակին, դրոշակիրը բարձր ձայնով գոչեց.

— «Կըբլեյը-Ալեմից ներումն հանցագործին»։

Այս խոսքերը դաշտի մեջ հնչեցին իբրև ավետաբեր հրեշտակի ձայն. հրճվանք ու ցնծություն տիրեց բոլորին և ժողովուրդը