Այս էջը հաստատված է

Հրամանի վրա դրոշմված էր արքայական կնիքը:

Երբ վերակացուն ընթերցումն ավարտեց, պարզեց հրովարտակը տեր֊Անդրեասին՝ համբուրելու համար։

Երեցն առավ այն և առանց փայտակերտից իջնելու՝ հրաման խնդրեց վերակացուից մի քանի խոսք ասելու։

Վերջինս կարծելով՝ թե երեցը կամենում է յուր շնորհակալիքը հայտնել մարդասեր շահին, իրավունք տվավ նրան խոսելու։

— Ժողովուրդ հայոց,— բարձրաձայն,— անշուշտ ուրախացաք որ արեգակնափայլ շահը ներեց ինձ իմ հանցանքը. և այդ՝ շնորհիվ «խալիֆների խալիֆ և կաթողիկոսների կաթողիկոս» Հռովմա պապի նվիրակ Չիտտագինիի։ Անշուշտ ձեզանից յուրաքանչյուրը շնորհակալ եղավ յուր սրտում գերապատիվ հորը յուր մարդասեր արարքի համար։

Այժմ ինձ լսեցեք։

Երեկ երեկո այցելեց ինձ բանտում ունիթորների կարգապետ հայր Մատթեոս Երազմոսը և առաջարկեց ինձ՝ թողնել իմ հարազատ հայադավան եկեղեցին և մտնելով ունիթորների կարգը, ընդունել կաթոլիկություն, հպատակել պապին և նրա նվիրակ եպիսկոպոսի միջնորդությամբ ստանալ իմ ազատությունը։

Ուրեմն, նա ինձ առաջարկում էր այն, ինչ որ ինքը, մեծափառ շահը։ Մինը պահանջում էր՝ թողնել քրիստոնեությունը և լինել մահմեդական, մյուսը առաջարկում էր՝ թողնել հայությունը և լինել կաթոլիկ... Արդյոք այս երկու առաջարկներն էլ միևնույն կշիռը չունի՞ն, երկուսն էլ միաժամանակ չէի՞ն պահանջում որ ես դավաճանեմ իմ ազգին, իմ հայրենական եկեղեցո՞ւն։ Հարկավ այդպես է։ Ուստի ես բացե ի բաց մերժեցի հայր Երազմոսին և նախատեցի նրան՝ յուր անարգ առաջարկի համար։ Բայց ահա, ինչպես տեսնում եք, պապի իմաստուն ծառաները չեն գոհացել իմ մերժմամբ. նրանք խնդրել և ստացել են շահից իմ ազատության հրամանը, որպեսզի կարողանան ձեզ ասել թե՝ «տեսեք, հայեր, որքան հզոր և կարող է պապը, որքան մեծ ու անսահման է նրա իրավունքը.— այն մահապարտը, որին ազատել չկարողացան բոլոր հայերը ու պարսից ավագանին, ազատեց մի Չիտտագինի, լոկ