Բայց շահը ոչ միայն անուշադիր թողեց խանի խնդիրը, այլև հայերին ավելի կսկծացնելու համար հրամայեց Շահռուխին հարեմ բերել տեր-Անդրեասի կնոջը:
— Թող տեսնենք այժմ թե՝ աղվեսների զայրույթը ի՞նչ վնաս կարող է տալ ահավոր վագրին, որ յուր քաղցը հագեցնելու համար ավերում է նրանց խաղաղ ընտանիքը,— ասաց շահը ծիծաղելով։
Բայց Շահռուխն, որ ավելի հեռատես էր, այլև, ծանոթ հայերի գրգռված գրության, հարմար չգտավ անձամբ դիմել քահանայի տունը, կամ այնտեղ ուղարկել յուր մարդկանցից մեկին, որովհետև հավատացած էր, որ այդ նպատակով Խցաձորի թաղը մտնող պարսիկը կենդանի չէր մնալ. գինու զորությամբ տիրուհուն դուրս հանելն էլ անխոհեմություն էր համարում։ Այդ պատճառով նա որոնեց և գտավ մի պառավ թրքուհի, որ մեծ հմտություն ուներ երիտասարդուհիներ կախարդելու, և հայտնելով նրան շահի ցանկությունը, պատվիրեց գնալ քահանայի կնոջ մոտ և ամեն հնար գործ դնել համոզելու նրան՝ գալ շահի կոչին։
Պառավը, որ հույս ուներ մեծ պարգևներ ստանալու, հանձն առավ գործը ուրախությամբ և դիմեց քահանայի տունը։ Նորատի այրիին Նա գտավ միայնակ, ուստի և սկսավ խոսել հետը անմիջապես, բայց ճարտար զգուշությամբ։
Ամենից առաջ նա ցավ հայտնեց տիրուհուն նրան հասած դժբախտության համար, ապա մխիթարական շատ խոսքեր խոսեց և վերջը, երբ այրիին գտավ բավական ամոքված, հայտնեց յուր գալստյան «բարի» նպատակը։
Մանկամարդ տիրուհին, որ դեռ երեցի բանտարկության օրերում չափազանց շատ լացել էր սիրած ամուսնու համար և յուր վիճակը դառնապես ողբացել, քահանա լի նահատակությունից հետ՝ գտնվում էր մի անբնական գրության մեջ։ Նա կարծես այլևս չէր զգում յուր ցավը, չէր լալիս առաջվան պես. արտասուքի աղբյուրները ցամաքել էին նրա աչքերում և ներքին գոհունակության մի զգացում պայծառացրել էր դեմքը։ Նա այլևս չէր մասնակցում սկեսուրի կամ սկեսրայրի ողբերին և չէր ընկերակցում նրանց, երբ վերջիններս լալով դիմում էին իշխաններին՝ սիրեցյալ որդու մարմինը ամփոփելու