Այս էջը հաստատված է

մեռնել. նա չէր կեղծել շահի առաջ ասելով թե՝ «իմ ամուսնու մահից հետ ես չի պիտի կարենամ ապրել»։

Բայց նա ուզում էր նախ հերոսանալ և ապա թե մեռնել։ Նա կամենում էր նախ սատակել այն հրեշին, որ յուր տունը կործանեց և ապա թե բռնել այն ճանապարհը, որ տանում էր սիրելու մոտ...

Այս իսկ պատճառով, երբ պառավ թրքուհին Շահռուխից բերած նորությունը հայտնեց, մանկամարդ այրին յուր սըրտում ուրախացավ. որովհետև նրա առաջարկությունը շահավոր գտավ յուր նպատակի համար։ Բայց նա սկզբում կեղծեց. իբր թե, չէ կարող շահի «երջանկացնող» առաջարկն ընդունել` յուր վշտի մեծության և վերքերի տակավին նոր լինելու պատճառով։ Եվ երբ պառավը յուր քաղցր զրույցներով սկսավ համոզել նրան, թե արքայական առատ շնորհները շուտ կմոռացնեն իրեն յուր վշտերը, թե պետք է փութալ օգուտ քաղել շահի բարեհաճ տրամադրությունից, ապա թե ոչ ընդդիմությունը ոչ միայն նրան բարիքներից կզրկե, այլև, կարող է չարիքներ հասցնել, տիրուհին ասաց.

—Չկա ինձ համար ավելի մեծ բախտավորություն, քան մեծափառ շահնշահի շնորհին արժանանալը։ Բայց ես չեմ կարող ելնել այստեղից քո ընկերակցությամբ, որովհետև ազգակիցներս կքարկոծեն ինձ։ Ես կգամ Շահռուխ բեկի մոտ միայնակ, սակայն ոչ իմ հագուստով, այլ ծպտյալ։ Այդ պատճառով խնդրում եմ հայտնել իմ կողմից բեկին, որ նա ինձ համար պատրաստել տա մի ձեռք զինվորական հագուստ և ուղարկի այն քո ձեռքով։ Այդ շորի մեջ ոչ ոք չի ճանաչիլ ինձ (մանավանդ որ հայերը հեռու են պտտում զինվորներից), ուստի և ապահովապես կմտնեմ ես բեկի մոտ։ Այնուհետև թող նա ինքը ներկայացնե ինձ շահին ի՛նչ ձևով որ կկամենա։

Տիրուհին պառավին ավելի հիմարացնելու համար՝ խնդրեց որ նա անձամբ յուր չափը վերցնե, որպեսզի պատրաստվելիք հագուստը մեծ չգա վրան և չմատնե իրեն։ Բացի այդ, նա պատվիրեց խնդրել Շահռուխին որ յուր գալու ժամանակ հեռացնե տան բակից բոլոր զինվորներին, որպեսզի վերջիններս յուր ներս գալը չնկատեն։