Այս էջը հաստատված է

յուր մոտ ծերունի ժամհարին (որ եկեղեցու բակի ձյունը սրբելուց հետ՝ պատրաստվում էր մտնել յուր խուցը), որպեսզի նրանից մի քանի բան սովորե: Ծերունուն, իհարկե, նա չի պիտի հայտներ գաղտնիքը. բայց կարող էր նրան խոսեցնելով յուր նպատակին հասնել։

— Արի՛, մահտեսի, տաքացի՛ր, ձեռներդ սառած կլինին. հետո բան պիտի հարցնեմ,— ասաց տիրուհին, երբ ծերուկը մտավ նրա մոտ։

— Այո, շատ աշխատեցա. մեծ ձյուն կար բակում, մինչև որ հավաքեցի, ձեռքերս փետացան... բայց ի՞նչ ժամանակ է տաքանալու մասին խոսել, քո վիշտն այնքան մեծ է, տիրակին, որ ես զարմանում եմ թե ի՞նչպես ես կարողանում ուշադրություն դարձնել ինձ վրա...

— Այո՛, մահտեսի, շատ մեծ է. և հենց բոլոր օրը դրա վրա եմ մտածում։ Բայց մի հանգամանք մտատանջություն է պատճառում ինձ. նրա համար եմ քեզ կանչել...

Ի՞նչ հանգամանք,— հարցրեց ծերուկը հետաքրքրությամբ։

— Ասում են որ լուսահոգին մի քանի ժամ շարունակ կենդանի է մնացել կախաղանի վրա. ի՞նչ է դրա պատճառը. չէ՞ որ դահճապետը պատռած է եղել նրա փորը, ինչո՞ւ նա իսկույն չէ հոգին ավանդել...

— Ինչո՞ւ համար ես այդ հարցնում։

— Կամենում եմ պատճառն իմանալ. այդ բանը անհանգստացնում է ինձ։

— Դու երևի կասկածո՞ւմ ես նահատակի արդար լինելու մասին,— բացականչեց ծերուկը հուզվելով։

— Քա՜վ լիցի... բայց, ուզում եմ իմանալ, բացատրիր ինձ պատճառը, աղաչում եմ։

— Միշտ այդպես է լինում, երբ պատառում են փորի թաղանթը. բայց թե դաշույնը հասած լիներ լյարդին...

— Իսկույն կմեռներ, այնպես չէ՞։

— Այո՛... իսկ թե հարվածը ուղղեին սրտին...

— Ի՞նչ կլիներ այն ժամանակ։