— Այո, երանի թե այդպես էլ անեին...— հարեց ծերուկը և ձեռքով աչքի արտասուքը սրբեց։
— Բայց ի՞նչ կլիներ այն ժամանակ,— կրկնեց տիրուհին յուր հարցը։
— Մահն իսկույն կհասներ և խեղճը չէր տանջվիլ:
— Ի՞նչպես. որտե՞ղ է լինում սիրտը,— հարցրեց տիրուհին հետաքրքրությամբ։
— Այստեղ, ձախ ծծի տակ,— ցույց տվավ ծերունին.— բավական է որ դաշույնը հինգ մատնաչափ խրվի այստեղ, և մարդ իսկույն կանշնչանա։
— Իսկո՞ւյն։
— Այո՛. մինչև անգամ ձայն արձակել չի կարող։
Տիրուհին հասել էր նպատակին։ Նա շուտով զրույցը վերջացրեց։ Եվ երբ ծերունին մարմինը տաքացնելով՝ դուրս գնաց սենյակից, ինքը սկսավ հագնվիլ:
Մի քանի ժամից ետ ս. Հովհաննու բակից դուրս եկավ մի մանկահասակ զինվոր, կաճյայով ծածկված և մորթե գլխարկը աչքերին քաշած։ Առանց անցորդների պատահելու նա ուղղվեց դեպի փողատան և արագ քայլերով Շահռուխ բեկի տան ճանապարհը բռնեց։
Բեկը գործ էր դրել ամեն զգուշություն, որպեսզի ծպտյալ թիկնապահին ոչ ոք չպատահի։ Նա հեռացրել էր բակից նաև զինվորներին, որոնց սրատես աչքից չէր կարող թաքչել «կինը», թեկուզ նա հագված լիներ զինվորական տարազով։ Իսկ ինքը նստած պատուհանի առաջ՝ անհամբերությամբ սպասում էր «նրան»։
Սակայն այդ սպասելը յուր մեջ ուներ նաև մի անհանգստություն, որից, մինչև անգամ, բաբախում էր բեկի սիրտը... նա սպասում էր «նրան» այնպես, ինչպես յուր կյանքում չէր սպասել ոչ ոքի։ Բազմшխnրտիկ ճաշը, որ նա վայելել էր համեմած հայկական շարաբով, գրգռել էին նրա հեշտասիրական զգացումները։ Նա պատկերացնում էր յուր երևակայության մեջ այն վայրկյանը, երբ ներս պիտի մտներ տենչալի գեղեցկուհին, այն րոպեն երբ ինքը պիտի գրկեր նրան և