— Այո՛, խան, ես սպանեցի այն հրեշին, և ահա ապացույցը։
Այս ասելով Վարդենին բացավ կապոցը և ցույց տալով խանին բեկի կողմից իրեն ղրկված հագուստը, կամարը և արյունոտ դաշույնը, սկսավ մի առ մի պատմել եղելությունը։
Խանը ոչ միայն չբարկացավ այրիի անկեղծ խոստովանությունը լսելով, այլև հիացավ նրա քաջության վրա և գովեց իբրև ամուսնասեր կնոջ։
— Դու մի բարի գործ ես կատարել,— ասաց նա,— որովհետև չարերին պատժելը նույնպս բարիք է։ Բայց ինչո՞ւ, աղջիկս, դու եկար քեզ մատնելու: Չէ՞ որ ճշմարտությունն իմանալուց ետ ես չեմ կարող ծածկել այն իմ արքայից։
— Ես գիտեի որ իմ գործած սպանության համար հալածանք պիտի հարուցաներ շահը իմ ազգակիցների դեմ. այդ պատճառով եկա ճշմարտությունը հայտնելու, որպեսզի պատիժը կրեմ միայն ես: Եթե իմ հոգելույս ամուսինը չգործած հանցանքը յուր վրա առավ՝ շատերի փոխարեն մեռնելու համար, ի՞նչպես կարող եմ ես չհետևել նրան և թույլ տալ որ անմեղները պատժվին իմ փոխարեն։
— Դու մի ազնիվ ու արդար կին ես. դու չես սպանել Շահռուխին, այլ աստված քո ձեռքով պատժել է նրան... դու ուրեմն պիտի ապրես, ես կաշխատեմ ազատել քեզ։
— Կյանքը այսուհետև արժեք չունի ինձ համար, ասաց տիրուհին։
— Ընդհակառակն, աղջիկս, նա այժմ կքաղցրանա, որովհետև ամուսնուդ արյան վրեժը լուծեցիր։ Հեռացիր այստեղից և թաքնվիր։ Ես քո մասին կխոսեմ շահի հետ։
— Իմ հաշիվը, խա՛ն, ես վերջացրել եմ աշխարհի հետ մի՛ նեղացնիր քեզ իմ պատճառով։
— Չէ, աղջիկս, դու դեռ պարտք ունիս կատարելու. դու պիտի ապրես քո ամուսնու ծնողներին ծառայելու համար։
Խանի վերջին խոսքը կարծես սթափեցրեց մանկամարդ այրիին. նա հիշեց զառամյալ սկեսուրին ու սկեսրայրին և կյանքը, ասես թե, հարգելի դարձավ յուր աչքում. — «նրա արդար հոգին կնայե երկնից և կհրճվե տեսնելով՝ որ ես ապրում եմ յուր խեղճ ծնողներին ծառայելու համար...» մտածեց