կարող էիր օգտվել և եկեղեցու առաջ, այս ահագին տարածության վրա ծառեր տնկել, զբոսարան շինել, իսկ այդ ծառերը օգուտ կբերեին թե՛ քեզ, թե՛ եկեղեցուն և թե՛ ժողովրրդին: Բայց դու չես արել, որովհետև, ինչպես Մուքին ասում է, էշխ չունիս։ Հարցնում ենք սրան թե՝ ինչու՞ դուք՝ գյուղացիներդ, չեք անում, պատասխանում է թե՝ «տեր հայրը չի թողիլ»։ Ա՛յ, հենց դրա համար էլ կամեցա հասկացնել քեզ թե՝ Քրիստոսի այն խոսքը, որ ասում է՝ «դուք չեք մտնում և ովքեր էլ որ մտնում են, չեք թողնում», հենց ձեզ նման հովիվների համար է ասված։
Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին՝ ասաց.
— Հեր օրհնած, էս եղցումը (եկեղեցում), ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռեր: Դիփունանց գերեզմաններն էլ, հրես, ըստի, եղցու քամակին ա, ուզո՞ւմ եք, գնանք մի֊մի շանց (ցույց) տամ։ Ընդոնցից ո՞րն ա ըստի մի չոփ (ոստի կտոր) տնկել, որ ես տնկեմ։
— Նրանք չեն արել, դո՛ւ արա, դո՛ւ բարի օրինակ եղիր քեզանից հետո եկողներին։
— Միթոմ էդ ի՞նչ օգուտ պտի բերի ինձ, յա (կամ) եղցուն։
— նախ այն, որ այս չոր գետինը կծածկվի ծառերով, իսկ ծառաստանը ավելի լավ է, քան թե չոր տափաստանը։ Երկրորդ՝ եկեղեցու շրջապատի օդը ավելի մաքուր և առողջարար կլինի, իսկ տեսարանը՝ դյուրական. երրորդ՝ տնկածդ ծառերը պտուղ կբերեն, որից թե դու կօգտվես և թե եկեղեցին։ Չորրորդ...
— Դե, մի խրե (մի քիչ) սպասի՛ր,— ընդհատեց քահանան Պետրոսին, և ապա կռթնելով գավազանի վրա, մի առանձին, հեղինակավոր եղանակով շարունակեց.— որդի, գիտա՞ս՝ ինչ կա, խոսիլը հեշտ ա, քանց անիլը։ Մի բան պատմեմ՝ լսիր: Մի քսան օր սրանից առաջ մեր հաջորդը վանքն էր գնում, քաղաքից գալիս մեր գեղովն անցավ, շնորհակալ եմ, պատվեց. եկավ մեր տանը դինջացավ (հանգստացավ). հաց կերավ, վերջը ասաց.— «Տեր Մակուչ,