դարձավ ընկերս ինձ՝ ռուսերեն լեզվով,—— այժմ ասա՛, խնդրում եմ, ինչպ՞ս անեմ, որ չհայհոյեմ այս մարդուն:
— Հայհոյե՜լ, ինչո՞ւ,— հարցրի ես զարմանալով։
— Ինչպե՜ս, թե ինչո՜ւ. մի՞թե քեզ չեն զայրացնում սրա առարկությունները։
— Բնավ։
— Եվ ոչ էլ ա՛յն որ սա տոչորվում է հարյուր ռուբլի ունենալու և այն շահեցնելու տենչո՞վ։
— Եվ ոչ էլ այդ։
— Դու ինձ վրդովում ես։
— Եթե արդարությամբ մտածես, չես վրդովվիլ: Քահանան մեղավոր չէ, որ տգետ է այդ աստիճան։
— Բայց հո մեղավո՞ր է, որ տգետ լինելով՝ դիմել է քահանայության:
— Ոչ էլ այդ դեպքումն է մեղավոր։ Մարդուն հաց էր հարկավոր, և ահա այդ հացը ձեռք բերելու համար նա ընտրել է քահանայությունը։
— Բայց ախր նա իրավունք չուներ։
— Իրավունք ճանաչելու համար, մարդ, նախ և առաջ, տգետ չպետք է լինի։ Մի՞թե դու կարող ես իրավունքի տեսակետից մեղադրել քո եզին, եթե նա հարևանի բակում փափուկ խոտ տեսնելով՝ մոտենա և ուտե: Այդ դեպքում հանցավորը ոչ թե եզը, այլ դու կլինիս, որ չես կապել անբանին, կամ թե քո հարևանը, որը չէ փակել յուր դուռը։
— Այդ ասելովդ մենք ովքե՞ր ենք։
— Դու եպիսկոպոսն ես, որ ձեռնադրել ես տեր Մակուչին, իսկ հարևանդ՝ ժողովուրդը, որ իրեն հանձնել է նրա ձեռք:
— Էդ խոմ ինձանից եք խոսում,— յուր անունը լսելուն պես, մեջ մտավ քահանան,— դե հայեվար խոսեցեք, ես էլ հասկանամ։
— Այո՛, տեր հայր, քեզանից ենք խոսում,— պատասխանեց Պետրոսը։
— Բա ի՞նչ եք խոսում։
— Ասում ենք՝ վա՜յ էն ժողովրդին, որի քահանան տեր Մակուչն է: