Աստոծ ա իմանում, թե մենք ու մեր խեղճ մերը ի՜նչ օրեր ենք տեսել, ի՜նչ նեղություններ ենք քաշել։ Մեր ամեն մի թիքա հացը լեղի ու արտասուք ա լել։ Դժար բան ա աղքատութինը, էն էլ գեղի միջումը, աստոծ ոչ շանց տա ձեզ... Հմի, ո՛րդի, ես որ էն խեղճ դրութենում էսքան էլ գրաճանաչ եմ դառել, գրել կարդալ եմ սովորել, քանի տարի վանքումը տիրացութին արել ու վերջը էս մենծ գեղի վրա քահանա դառել, էս քի՞չ բան ա։ Թե որ մինը քեզ վրա խարջած փողն ինձ վրա խարջեր, ո՞վ գիդա՝ հմի փիլիսոփա կլեի դառած։ Ամա դու, տեսնո՞ւմ ես, ըսկի մարիփաթին (քաղաքավարությամբ) խոսալն էլ չես սովորել։ Կբաշխես,որ էս խոսքը երեսիդ ասում եմ. ամա ես քու հոր տեղն եմ. հախկ (իրավունք) ունեմ: Ընչի՜ հմար եմ ասում, գիտա՞ս. այ, դու ղարիբ (օտար) տղա ես, եկել ես մեր գեղը, ևս էլ ըստեղի քահանան եմ. շնորհակալ եմ, մենծ ու պստիկ պատվում են։ Բայց ես, ոնց որ Քրիստոս ասում ա, որ խոնարհեցցե զանձն, բարձրացցե, ես էլ խոնարհվեցի, եկա, որ բարի գալուստ ասեմ ձեզ, ու օրհնեմ, ամա դու իմ գեղականի առաջ ինձ անպատիվ արիր։ Ասում ես՝ վա՜յ էն գեղին, որ դու նրա քահանան ես, ասում ես՝ դու տգետ ես. քիչ ա մնում, որ ասես, թե հայվան ես։ Ախր ըսենց չեն խոսիլ, ո՛րդի, աշխարհում ը մինը տգետ կըլի, մինը՝ հուսումնական. մինը աղքատ կըլի, մինը՝ հարուստ. ամա, բոլորի աստոծը մեկ ա. ոչ հարուստն ու հուսումնականը պիտի հմպարտանան, ոչ էլ տգետն ու աղքատը ոտի տակ ընկնեն։ Ի՜նչ մեղքս ծածկեմ, ո՜րդի, առաջ մի քիչ դարդ էի անում, որ Վեդունց Սարգսի խոսքին լսեցի ու որդիքս հուսման չղրկեցի։ Ամա հմի փառք եմ տալիս աստծուն, որ ղրկել չեմ. չուն (որովհետև) տեսնում եմ, որ հուսումը մարդին հրեշտակ շինելու տեղ՝ սատանա ա շինում։ Դե որ ըտենց ա, ախպեր, խի՞ եմ հուսման ղրկում, որ վերջը փոշմանեմ։
Տեր հոր վերջին խոսքերը տպավորություն արին Պետրոսի վրա, և նա լռեց։ Բայց ես քահանայի սիրտը ամոքելու համար, կամեցա խոսակցությունը մեղմով վերջավորել, ուստի հարցրի.