— Դու, ուրեմն, որդինե՞ր ունիս։
— Ոնց չէ, չորս հատ,— պատասխանեց երեցը, կարծես պարծենալով։
— Հասակավո՞ր են նրանք։
— Մենծը քսանութ տարեկան ա, մնացած երեքը մինը մնից երկու տարով պակաս են։ Չորսն էլ աժդահա (հսկա) տղամարդիկ են։ Էրկուսին պսակել եմ. երկուսին էլ, թե որ աստոծ հաջողի, գյալաջաղ (գալ տարի) պիտի պսակեմ ։
— Չորսին էլ, ուրեմն, անուսում ես թողե՞լ։
— Չէ, վանահոր մոտ քիչ ու միչ կարդացել են. ընենց որ իրանց բանը յոլա կտանեն:
— Դու, ուրեմն, չէի՞ր կարող, գոնե, քաղաքի դպրանոցը ուղարկել նրանց,— կրկին մեջ մտավ Պետրոսը և այս անգամ արդեն գրգռված։
— Խի՞ չէի կարող։
— Բա ինչո՞ւ չուղարկեցիր, մեղք չէ՞, որ չորս աժդահա տղամարդ, ինչպես որ դու ես անվանում նրանց, անուսում ես թողել։
— Ընդուր որ... ամա չէ՛, ըտուր մասին էլ Վեդունց Սարգիսը կասի։
Տեր հայրը դիտմամբ խույս տվավ Պետրոսին պատասխանելուց, որպեսզի նորեն վեճի չբռնվի նրա հետ։
— Ո՞վ է Վեդունց Սարգիսը,— հարցրի ես։
—Հրեն, ա՛յ, տունն ընդի ա. էն մենծ–մենծ չընարուցը տակին,— ասաց քահանան, ցույց տալով գյուղի հարավակողմը, ուր մի ընդարձակ դարևանդի վրա բարձրանում էին մի խումբ գեղուշեղ սոսիներ։
— Որդիքը քոնն են, ինչո՞ւ դու չես բացատրում թե՝ ինչո՞ւ ես նրանց անուսում թողել,— հարցրեց Պետրոսը:
— Որդիքն իմն են, ըտենց ա, ամա Սարգիսն էր սաբաբ (պատճառ), որ նրանց ուսման չղրկեցի։ Ա՛յ, թե ուզու՞մ եք, գնացե՛ք, հարցրեք։ Նա խելոք մարդ ա, սուտ չի խոսիլ: Ղորդ ա, գեղացի ա, ամա հարիր քաղաքացու խելք ունի գլխումը։ Հարցրեք, նա ամեն ինչ տեղն ու տեղը կասի ձեզ։