Այս էջը հաստատված է

Դեհ, շատ խոսեցի, որդիք, գլուխներդ ցավացրի, կբաշխեք, հմի ես գնամ, բարով եք եկել, բարով էլ գնաք...

Այս ասելով տեր հայրը ողջունեց մեզ վերջին անգամ և երեսը դարձնելով՝ ծանրաքայլ հեռացավ։

Գ

Ցանկանալով շարունակել մեր պտույտը, մենք իջանք դեպի ձորակն, ուր հոսում էր գյուղի լեռնային վտակը: Չնայելով ջրի փոքրության, նա շարունակ խոխոջում, աղմուկ էր հանում, որովհետև իջնում էր աստիճանավոր բարձրություններից, որոնցից յուրաքանչուրը, առաձին առած, ներկայացնում էր մի զատ գեղանկար պատկեր: Վտակի ափերը քերելով, մենք հետզհետե դիտում էինք այդ պատկերները և զվարճանում: Մի տեղ ժայռերը, միմյանց վրա կուտակված, փորձում էին, կարծես, վտակի հոսանքն արգիլել, իսկ սա ավազով ու խճով նրանց խորշերը լցած՝ յուր փրփրուն ալիքները գահավիժում էր ժայռերի բարձունքից: Մի ուրիշ տեղ մոշենին, վայրի վարդը կամ նռենին, գետակի կրկին ափերը գրաված, իրենց ճկուն ոստերը դեպ իրար ձգելով և իրար շաղապատելով, կազմում էին ջրի վրա կանաչազարդ մի կամուրջ և այդպիսով հոսանքը մեր աչքերից ծածկուն: Մի երրորդ տեղ ուռենին, կանաչագեղ ոստերն աջ ու ձախ տարածելով, հովանավորում էր մի փոքրիկ ու վճիտ լճակ, որի ջուրը, կարծես, կարկաչելուց հոգնած, հանգստանում էր այդտեղ, ժայռերի խորշում և յուր ջինջ հայելու մեջ արտացոլում թե՛ երկնքի կապուտակը:

— Տե՛ր աստված, ինչու՞ մարդիկ այս գեղազվարճ վայրերը թողած, շնչասպառ են լինում ապականությամբ լի քաղաքներում: Մի՞թե նրանցից ամեն մեկի համար չի գտնվիլ վայելչության մի անկյուն այս ազատ լեռների մեջ, այս սիրուն ջրերի ափին, այս կապուտակ երկնքի տակ,— բացականչեց ընկերս՝ շրջապատող տեսարաններից զմայլվելով:

— Իսկ դու կարծում ես թե՝ բնության այս գեղեցկությունները