Այս էջը հաստատված է

ձև, շաղախապատ փեթակներով, և, վերջապես, նորեն շրջան առնելով՝ բարձրացանք դեպի գյուղը։

— Երեկ, հիշո՞ւմ ես, երբ արևր այրում էր, ահա՛ այս սոսիներին էի ուզում հասնել,— սկսավ խոսել Պետրոսը, երբ մոտեցանք այն դարևանդին, որի վրա քահանայի ցույց տված սոսիներն էին բարձրանում,— այժմ էլ բավական հոգնած ենք, անցնենք այս լանջի վերը և հանգստանանք այդ սիրուն ծառերի տակ։

— Անցնենք,— ասացի ես և ապա դառնալով մեր հյուրընկալին՝ հարցրի.— ո՞րինն են այդ սոսիները։

— Սոսին ո՞րն ա։

— Այ, այս ծառերը։

— Բա էդ չընար ա, դու խի՞ սոսի ես ասում,— հարցրեց նա։

— Հայերեն չինարին սոսի կասեն,— բացատրեցի ես:

— Որ ըտենց ա, բաս չընարը թուրքերեն ա՞։

— Այո ,— հաստատեցի ես։

Գյուղացին գլուխը շարժեց և ապա նորեն դառնալով մեզ՝ հարցրեց։

— Էս մենք որ չընարու անունն էլ հայեվար ասելը գիտում չենք, մեր ճարն ի՞նչ կրէի. հավատաս, քանի գնանք էնքան էվելի հայվան կգառնանք։

— Ինչո՞ւ, բարեկամ, մի բառ չիմանալով՝ մարգ հայվա՞ն կգառնա,— հարցրի ես ժպտալով։

— Աղբաթիխեր, էսօր մի բառը կմոռանանք, էգուց էրկուսը, գալ օրն իրեքը. մին էլ էն ա կտեսնես, որ խոսքի կեսը հայեվար ենք խոսում, կեսը՝ թուրքեվար։ Մարդ որ իրա ազգի լեզվով խոսիլը գիտա ոչ՝ հայվան չի, բա ի՞նչ ա։

Ընկերս նայեց ինձ խորհրդավոր հայացքով և հարցրեց.

— Ինչպե՞ս ես գտնում այս գյուղացու կարծիքը։

— Շատ բանավոր,— պատասխանեցի ես. ապա Մուքիին դառնալով՝ նկատեցի,— ինչո՞ւ չասացիր թե՝ ո՞ւմն են պատկանում այս սոսիները։

— Էս սոսիքը Վեգունց Սարգսինն են,— պատասխանեց նա, — Հապա ո՞րն է նրա տունը,— հետաքրքրվեցա ես։