Այս էջը հաստատված է

լսում մեզ, այդ իմաստությունը ո՞րտեղից ես ամբարել...

— իրար ետևից վրա տվավ Պետրոսը։

— Տեսա՞ր, որ էլի շտապեցիր։

— Հապա ի՞նչ անեմ, մի՛թե խավարը, երբևիցե կարող է դյուրական, կամ օգտավետ լինել մարդուն։

—Իսկ եթե մարդու աչքերը հիվա՞նդ, կամ վնասվա՞ծ լինեն։

— Այդ ուրիշ բան է, դու նյութական լույսի ու խավարի մասին ես խոսում։ Չափազանց պայծառ լույսը, այո՛, հաճելի չէ լինում վնասված աչքերին։

—Հոգվո ու մտքի աչքերն էլ երբեմն վնասվում կամ հիվանդանում են։

Ուրեմն դրանց էլ հոգեկան կամ մտավո՞ր խավարն է օգնում:

— Եթե չէ օգտում, գեթ, հանգստություն է բերում։ Կան դեղեր, որոնք չեն բուժում սուր ցավ պատճառող հիվանդությունը, բայց առ ժամանակ թմրեցնում են սրա պատճառած կսկիծը։ Հիվանդն այդպիսի դեղը հաճությամբ է ընդունում։

—Այդ մեկի միտքը չեմ հասկանում։

—Այդ էլ կհասկացնեմ՝ Վեդունց Սարգսի կարծիքները լսելուց հետո։

Այսպես խոսակցելով մենք ավարտեցինք դարիվերը և մոտեցանք սոսիներին։ Դրանք հինավուրց ծառեր էին, թվով մի քանի հատ, որոնք իրարից անջատ բուսած էին գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա։ Նրանց վիթխարի բուները՝ բարձ ու գեղուղեշ բազուկներով և լայնատարած ոստերով՝ գրավել էին հարթավայրի մեծագույն մասը։ Սաղարթախիտ ճյուղերի հովանին ծածկում էր ոչ միայն կանաչազարդ տափարակն ու դարևանդի լանջերը, այլև Վեդունց Սարգսի տունը, որ գտնվում էր հարթավայրի արեգընդդեմ կողմը և արտաքինով զանազանվում էր գյուղի հասարակ տներից։ Նա առջևն ուներ ընդարձակ բակ, որի մի մասում զետեղված էին գոմն ու հորթանոցը, իսկ ետևից՝ պտղատու ծառերի մի պարտեզ, որ ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով։

— Ի՞նչ հրաշալի հովանոց է, ճիշտ որ աստվածաշեն,—