— Վադունց Սարգսի տունը սա՞ է,— հարցրի ես, իբր չճանաչելով։
— Հա, էս ա,— պատասխանեց պառավը։
— Սարգիս ապերը տա՞նն է։
— Հրեն բախչումը (պարտեզ) ծառի տակ բհում (փորում) ա:
— Բախչան ո՞րտեղից գնանք,— հարցրի ես։
— Ա՛յ, կյումի կողքով վեր անցեք, դուռն ընտի ա,— հայտնեց պառավը։
Հազիվ թե մենք շուռ եկանք, նա ավելացրեց.
— Ամոթ չըլի հարցեիլը, դուք հո՞վ եք։
— Օտար մարդիկ ենք, եկել ենք ձեր գյուղը տեսնելու — ասացի ես։
— Բա ո՞րդիան եք գալի,— հետաքրքրվեց նա։
— Շատ հեռու տեղից,— պատասխանեցի ես։
— Էլ հա, հո աշխարհքի էն ճնդիցը (ծայրիցը )չեք գալի, մին ասացեք տեսնամ՝ ո՞ր շհարից եք:
— Ես Թիֆլիսից եմ գալի, իսկ իմ այս ընկերը՝ Մոսկովից։
— Դու Թիֆլիսի՞ց ես գալի, վա՜յ, քե մատաղ ըլեմ, բա խի՞ շուտ չես ասում...— Այս խոսքերով պառավը մոտեցավ և ձեռքը տալով ինձ՝ ողջունեց այնպես սիրով, որ ասես թե, յուր քեռորդուն, կամ որևէ հարազատին էր պատահել, և ապա հարցրեց.— Մի ասա՛, քե մատաղ, մեր Վանուլն էլ (Հովհաննեսին) տեսա՞ր։
— Ձեր Վանո՞ւն... կներես, նա՛նի, չեմ ճանաչում ասացի։
— ճանաչում չե՞ս... բա մեր Վանուն արարած աշխարհը ճնաչում ա, էդ ո՞նց ա, որ դու ճնաչում չես։
— Ո՞րտեղ է լինում։
— Սոդումն ա ըլում, քե մատաղ, ատվակատ ա, գողերին ու մարդասպաններին նա ա Սիբիրից ազատում։ Դու խի չես ճնաչում։
Պառավի վերջին տեղեկությունը օգնեց հիշողությանս։
— Այո՛, այո՛, ճնաչում եմ, այնտեղ նրան Վեդով են ասում: