— Բարով եք եկել, հազար բարով, կըլի որ լավ բանի հմար ըլեք եկած, աստոծ աջողի։
— Մի առանձին բան չունինք, հենց ման գալու համար ենք եկել։
— Ինչ որ ա, բարի ըլի։ Աշխարհի շառն (չարն) էնքան շատացել ա, որ մարդ ջուր խմելու հմար էլ թե տեղիցը վեր կենա, պտի աստոծ կանչի, որ բարի ըլի։ Ձեզանից ո՞րն ա Մինարենց Ակոբի տղեն։
— Ես եմ,— պատասխանեց Պետրոսը։
— Հա՞, քու հերը լավ մարդ ա, լավ էլ հայ ա. ղադրը (երախտիքը) գիտո՞ւմ ես, պատի՞վ ես տալի։
— Ինչպե՞ս կարող եմ պատիվ չտալ, քանի որ նա իմ հայրն է։
— Ի՞նչ գիտամ, էս այամումը ըսկի որդին հորը ճնաչում չի։ Էդ շլապեն ում գլխին տեսնում եմ, հենց գիտում եմ՝ հոր տանիցը՝ ջուդա ընկած (տարագիր եղած) ա:
— Չէ, ես ծնողներիս շատ եմ սիրում և հենց նրանց տեսնելու համար է, որ Մոսկովից վեր եմ կացել, եկել։
— Հա՞, որ ըտենց ա, շատ ապրես, աստոծ պահի քեզ, բարի ժառանգ ըլես.— օրհնեց ծերունին և ապա դառնալով ինձ՝ հարցրեց,— կբաշխես, քե ճանաչում չեմ. դու ումա՞նցից ես (որոնցից)։
— Ես էլ տեր Օվանեսի թոռն եմ,— պատասխանեցի ես։
— Ասատուրի տղե՞ն։
— Այո՛,
— Դե շուտ ասա՛, հեր օրհնած, ախր քու ողորմած հոգի հերը իմ տան լավ բարեկամն ա լել, առանց իրար թիքա չենք կտրել։ Քանի՜–քանի անգամ էս բախչումը նստել, քեֆ ենք արել, քանի՛ անգամ մեր չինարուցը տակին զուռնա–ղավալով մարաքա ենք սարքել... Օղորմի քո հոգուն, Ասատուր... ասում էր, ա Սարգիս, էս չնարիքը, որ քունն ա, լավ կըլի որ տանդ գլխին մին ատաժ (հարկ) էլ շինես ու առաջը լեն ու բոլ մի թախտապանդ (պատշգամբ). ընենց ըլի, որ չինարուցը ճղները կռանան թախտապանդի վրեն շուք անեն։ Էն չախը (ժամանակ), ասում էր, տունդ ամարաթի (պալատի) նման մի բան կդառնա, հենց որ թախտապանդին նստես, էն սարերին