Այս էջը հաստատված է

Սարգիս ապերը գեղացի ա, զատ չի գիտալ: Վանքումը իրեք տարի կրդացել եմ, իրեք տարի էլ կեսդերություն (տիրացություն) եմ արել։ Աստվածաշունչը երկու անգամ անց եմ կացել (կարդացել եմ)։

— Ուրեմն միայն ագռավի պատմությո՞ւնն ես ուզում։

— Հա՛։

— Էհ, նա մեծ պատմություն չունի։ Երբ Նոյի տապանը Արարատ սարի վրա կանգնեց, այդ ժամանակից քառասուն օր անցած՝ Նոյը տապանի պատուհանը բացավ և դուրս թողեց ագռավին, որպեսզի իմանա, թե ջրերը ցամաքե՞լ են, թե ոչ: Բայց ագռավը գնաց, ետ չդարձավ։

— Խաբար չբերեց Նոյին։

— Այո՛։

— Բա խի՞ ետ չդարձավ։ — Հայտնի չէ. դրա համար աստվածաշնչումը բան չկա գրած։

— Գիտում եմ բան չկա գրած, ամա դու ի՞նչ ես փիքր անում, խի՞ ետ չեկավ։

— Ագռավը ծանրամարմին թռչուն է, երևի շատ թռչելուց հոգնելով՝ ընկավ ջրի մեջ ու խեղդվեցավ,— հարեց Պետրոսը։

— Հը՞...— ժպտաց ծերունին,— էդ ա ձեր հուսումնարանում ըդենց խամ են թողնում ձեզ, է՜, ագռավը խեղդվո՞ղ ջանավար (գազան) ա։

— Ապա, ձեր կարծիքով, ինչո՞ւ չվերադարձավ,— հարցրի ես։

— Նրա համար, որ քերձերի գլխին, յա չէ, սարերի դոշին մարդի, յա հեյվանի ջամդաք (լեշ) տեսավ, վրան ընկավ ու սկսեց լափիլը։ Խի՞, ագռավը մտածելու էր, թե ընտեղ տապանումը Նոյը, աչքը ջուր կտրած (ակնկառույց)՝ իրան ա ըսպասո՞ւմ։

— Կարելի է՝ այդպես է։

— Ոչ թե կարելի ա, հենց դրուստ էս ա որ ասում եմ։

— Թող այդպես լինի, միայն ասա՛ տեսնենք՝ այդ ագռավն ինչպե՞ս արգելեց քեզ քո տունը շինելու,— հարցրի ես։

— Ինչպե՞ս արգելեց, մի քիչ մաջալ (միջոց) տու, ասեմ: