պրծել էր։ Եդո էլ ինձ վրա ուռած, փքված գրում ա թե՝ «ա՛ հեր, դու որ քու օրհնութինը ինձ չղարկեցիր ու էս իշխան մարդկանց միջումն ինձ խայտառակեցիր, էլ հորես դենը ես քու որդին չեմ»։
— Հետո դու ի՞նչ պատասխանեցիր։
— Ոչինչ: Մենակ էն արի, որ նրա գիրը վեր կալա, գնացի վանքը։ Էն վախտը Յսեփ հայր սուրբը մեռել էր։ Գնացի նրա գերեզմանի ռաջին չոքեցի, քարը համբուրեցի ու լաց ըլելով ասեցի— «Օսեփ հայր սուրբ, լուս դառնաս դու հողովդ ու քարովդ. ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ. բա խի՞ ըտենց չիլավ...ախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. սրա ճարն ի՞նչ կըլի...»։
Ծերունին լռեց, կարծես այլևս չկամենալով խոսել։
Բայց Պետրոսը, որ, ըստ երևույթին, չէր նկատում ծերունու հուզմունքը, հարցրեց.
— Վերջը ինչպե՞ս եղավ. տղադ պսակվելուց հետո գյուղը չեկա՞վ։
— Եկավ հինգ տարուց ետը. կնիկն էլ բերավ, մի երեք էլ գյուրջու ճտեր հետը։
— Հետո՞։
— Հետո էլ ի՞նչ. մի տասն օր մնաց, սաքի (որպես թե) մեր խաթրը առնիլու հմար ու էլ եդ գնաց։
— Բաս ըսկի չհարցրի՞ր թե ինչո՞ւ է այդ աղջկա հետ պսակվել։
— Հարցրի, ասեց սրա հերը ընտի մեծ ղուլուղում (պաշտոնի մեջ) ա, պսակվեցի որ ինձ էլ կռան տակը քաշի ու մենծ մարդկանց ջարդը (շարքը) գցի։
— Այսուամենայնիվ, դու քո նպատակին հասել ես, տղիդ բարձր ուսում ես տվել՝ ու Թիֆլիսի նման քաղաքում հայտնի մարդկանց շարքը գցել՝ այդ էլ մեծ բան է,— նկատեց ընկերը:
— Ա քե մատաղ, բա ես իմ էլած֊չելածը փչացրել, Վանին հուսում եմ տվել, որ նա Թիֆլիսի՞ն պետք գա. խի՞, Թիֆլիսումը նրա նմանները քի՞չ կան. յա չէ իմ սիրտը շա՞տ էր