Վեդունց Սարգսի շեն օջախն ա, որ էսօր վերանա (ավերակ) ա դառել: Ա՛յ, տե՛ս, կտուրը ծռվել ա, պեշերը թափվել են, գերանը կախ ա ընկել, գյումը դատարկվել ա, ու մեզ թացան (թաց կերակուր) տվողը մի է՛ծ (այծ) ա մնացել... Մենք էլ, տեսնո՞ւմ ես, մարդ ու կնիկ ծերացել, մնացել ենք անտեր. ոչ ձեռք կա, որ մեր դուռը բանա, ոչ ձեն կա, որ սրտներս ուրախացնի... էս դիփ նրա՛ մեղն ա, որ ես իմ տղին հուսումի ղրկեցի... Վախի՛ր էդ բանիցը, որդի, րեխեդ քու կշտին պահիր, տանիցդ մի՛ հեռացնիլ, որ իմ Վանու նման Նոյի ագռավ չդառնա...։
— Բայց դուք հո դրանով չարիք եք գործում,— բացականչեց Պետրոսը վրդոհվելով։
— Չարիք խի՞ եմ գործում,— պատասխանեց ծերունին եռանդով,— լավն էն չի՞ որ մեր գեղը հիսուն վար անող տղամարդ ավելի ունենա, քան թե հարիր Նոյի ագռավ։ Վար անողը հլա հաց կբերի տուն, քյուլփաթի (զավակների) ռուզին կըշտացնի. Նոյի ագռավն ինչի՞ ա պետք։ Յա չէ հո՞վ ա մեղավոր, որ ես հմի ըսենց եմ խրատում մարդկանց, ես, թե՞ իմ տղեն։ Մի սհաթ առաջ գնացել եք տեր Մկոչի յախեն (օձիքը) բռնել թե՝ էս խի՞ դու գիտուն չես, էս խի՞ տղերանցդ հուսումի չես ղրկել... Խեղճն էն սհաթին եկավ ինձ գանգատվեց Ասեցի, ո՞ւր ա, էդ շլյապավոր տղերանց մի ղրկի ըստեղ՝ ես էլ նրանց իմ հարցմունքն անեմ։ Հմի հազիր եկել եք. խնդրում, եմ որ ասեք.— հո՞վ ա մեղավոր, որ գեղի քահանան տեր Մուկուչն ա. հո՞վ ա մեղավոր, որ եղցու առաջը անապատ ա. հո՞վ ա մեղավոր, որ գեղը կեղտոտ ա, տները տափից կպած, հայաթները թրքով լիքը քուչեքը ծուռումուռ... ասեցեք տենամ, հո՞վ ա մեղավոր, խեղճ գեղակա՞նը, թե՞ Նոյի ագռավները։ Ախր ինչկլի հմի էս գեղարանքից մի տասը, քսան տղա գնացել են հուսում առել, լուսավորվել, հմի ո՞ւր են, ընչի՞ նրանցից մինն ու մինը ետ չեկավ, որ իրա հոր օջախը վառի, իրա վաթանը պայծառացնի որ գեղացին հենց մին օրինակ էլ ա տեսնի ու ասի թե՝ «ղորթ ա, հուսումը լավ բան ա, եկեք մենք քար ու քացախ ուտենք, ամա մեր րեխանց հուսում տանք, լուսավորենք...»։