Այս էջը հաստատված է

Ամառային երեկո էր։ Փոքրիկ ավանի միակ ճաշարանի բակում, որին հովանավորում էին հինավուրց ծառեր և ուր հավաքվում էին տեղի առաջադեմները գարեջուր խմելու, կամ գիտցած նորությունները միմյանց հաղորդելու, սեղաններից մինի շուրջը նստած էին մի խումբ երիտասարդներ, որոնք ավանում պատահած մի ինչ-որ նորության առիթով, վիճում էին այն մասին, թե «գաղտնիքներով հետաքրքրվելը լա՞վ բան է թե՞ վատ»։

Խոսակիցներից մինը, որ խնդրի վրա նայում էր անձնական շահի տեսակետից, այն կարծիքն էր հայտնում թե՝ գաղտնիքներով հետաքրքրվելը ոչ միայն լավ, այլև անհրաժեշտ է, ըստ որում հաճախ այդպիսի գաղտնիքներ իմանալով է, որ մարդ ազատ է մնում վտանգից։ Մի երկրորդն առարկում էր, թե՝ ընդհակառակն, ուրիշի գաղտնիքին հետամուտ լինելն անազնիվ գործ է և թե այդ ճանապարհով վնասից ազատ մնալն իսկ հավասար է գողության։ Մի երրորդը գերադասում էր միջին ճանապարհը, այն է թե՝ բարեկամի գաղտնիքները չպետք է քրքրել. բայց թշնամունը՝ պետք է անպատճառ։ Այսպիսով նա համաձայնվում էր մասամբ առաջինի և մասամբ երկրորդի հետ։

Երիտասարդներից մի փոքր հեռու նստած էր ավանի փոստատան կառավարիչը, որ մոտ հիսնամյա, բարեդեմ, խելոք աչքերով և գորշախառն մորուքով մի մարդ էր։ Գարեջրի շիշը դատարկած լինելով՝ նա այժմ թե՛ ծխում և թե՛ լսում էր երիտասարդներին։ Տեսնելով, որ նրանց վիճաբանությունը տաքանում է, նա վեր կացավ տեղից և մոտենալով երիտասարդներին՝ մեղմ ձայնով ասաց.