ի՞նչ մարդ է բարեկամդ և ապա թե՝ ի՞նչ գաղտնիք ունի նա, որպեսզի ըստ այնմ կարելի լինի ասել թե՝ ի՞նչ չարիք կարող էր առաջանալ, եթե դուք նրա գաղտնիքը քրքրեիք։ Բայց ես ուրիշ հարց կտամ ձեզ։ Ի՞նչ եք կարծում, եթե հանկարծ մի հրաշքով ձեզնից սիրված անձինքների սրտերը բացվեին և երկնքից տրված մի շնորհքով դուք նրանց մեջ եղած գաղտնիքները կարդայիք, հաճելի կլիներ այդ ձեզ՝ թե՞ ոչ։
— Օ՜, անշուշտ։
— Դա մի բարիք կլիներ։
— Մի հրաշալի բարիք,— ձայն տվին երիտասարդներն այս ու այն կողմից։
— Դուք ուրեմն ամենքդ էլ անփորձ մարդիկ եք, — նկատեց կառավարիչը։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ,— հարցրին մի քանիսը։
— Ենթադրեցեք, որ դուք հայր եք և ունիք մի որդի, որին սիրում եք կաթոգին։ Հանկարծ կարդում եք այդ որդվո սրտում թե՝ նա ցանկանում է ձեր մահը, որպեսզի ինքն ազատորեն տիրե ձեր կարողության: Միթե հաճելի կլինի՞ ձեզ այդ։
— Իհարկե ոչ,— պատասխանեց մի երիտասարդ։
— Կամ ունիք մի մայր, որին պաշտում եք, իբրև սրբություն։ Եվ հանկարծ կարդում եք նրա սրտում թե՝ նա ձեզ ծնել է ապօրեն կենակցությունից...
— Օ՜, այդ անտանելի է,— բացականչեց մի ուրիշը։
— Կամ ունիք մի կին, որ ձեր երջանկությունն է կազմում. որին սիրում եք սրտագին․ որի հայացքը ձեզ լույս, ժպիտն՝ ուրախություն և շունչը՝ կյանք է տալիս, որ յուր մեջ ամփոփում է ձեր բոլոր իղձերը և քաջալերում ձեր ազնվագույն ձգտումները... Եվ հանկարծ դուք կարդում եք նրա սրտում թե՝ նա ձեզ չէ սիրում․ թե նրա ժպիտը սուտ, գգվանքը կեղծ և սերն՝ առերես է։ Այդ բավական չէ։ Դուք իմանում եք, որ նա հոգով ու սրտով պատկանում է ուրիշին... այն ժամանակ ի՞նչ կանեիք։
— Այդ դեպքում ես ինձ ավելի բախտավոր կհամարեի,— խոսեց երիտասարդներից մինը,— ավելի լավ չէ մի՞թե բնավ չսիրվել՝ քան շարունակ խաբվի՞լ։