— Ես նամակ չունի՞մ։
Այս խոսքերի վրա նա մի փոքր շառագունում է։ Իմ պատասխանը՝ «չգիտեմ, տեսնեմ» երկբայական է։ Ուստի նա սպասում է։
Գեղեցկուհու հասցեն, իհարկե, հայտնի է ինձ։ Եվ սկսում եմ պտրտել նամակների կույտը և աչքի տակով նայել նրան։ Ոչինչ, դեմքը խաղաղ է․ հայացքը միայն անհանգիստ խաղում է այն կետի վրա՝ ուր իմ ձեռքերը քրքրում են նամակները։
— Ս․ Ս.-կա՞յա,— հարցնում եմ ես և կանգ եմ առնում մի նամակի վրա։
— Այո, պարոն,— պատասխանում է օրիորդը և իսկույն շուրջը նայում, կարծես վախենալով թե՝ մի գուցե մեկը լսեր իմ ձայնը, կամ տեսներ իրեն, որ սպասում է Ս. Ս․— սկայա հասցեով նամակ ստանալու համար։
Վերջապես վերցնում եմ նամակը և մեկնում դեպի նրան։ Գեղեցկուհին արդեն շառագունել է. նա ստանում է ցանկալի ծրարը և գլխի թեթև շարժումով շնորհակալություն անում ու հեռանում։ Ես նայում եմ ետևից և տեսնում, թե ինչպես նա ծալեց ծրարը և յուր կուրծքը փակող կոճակներից մինը բանալով թաքցրեց այն բաճկոնակի տակ և ապա նորեն կուրծքը կոճկեց։ Այս ամենը նա կատարեց այնպես արագ, որ մուտքին հասնելուց արդեն գտնվում էր յուր նախկին դիրքում։ Այնպես որ, եթե հենց նույն րոպեին յուր մոտիկ բարեկամներից մինը պատահելով՝ հարց տար իրեն թե՝ ինչ է շինում այդտեղ, նա հանգիստ սրտով կարող էր պատասխանել թե՝ «դիպվածով անցնում էի այդտեղից և ներս մտա իմանալու համար թե հայրիկի անվամբ նամակ կա՞ր թե ոչ»։
Սիրող սրտերն, իհարկե, նման սուտերը հանցանք չեն համարում։ Լսողներն էլ, կարծում եմ․ եթե հանցանք չհամարեն, մեծ մեղք չեն գործիլ։ Պետք է օգնել որ ազատ սրտերը միշտ իրար սիրեն, դրանից մարդկությունը բնավ չի վնասվիլ։ Վնասը հասնում է հանցավոր սիրուց, որի հեղինակներն ուրիշ մարդիկ են։ Ահա, օրինակ. դրանցից մինը։
Նա հասակավոր է․ 45—50 տարեկան, բայց բոլոր մազերը միօրինակ սև են, որից երևում է, որ ներկում է զգուշությամբ։ Հագնված է խիստ մաքուր և կիրթ ճաշակով․