ընկեր, շնորհալի տանտիկին, իսկ ծանոթների շրջանում՝ կենցաղագետ այցելու և հաճելի խոսակից։ Այն մի քանի տարիները, որ ես ապրեցի նրա հետ, կազմում էին իմ կյանքի միակ երջանիկ շրջանը, որի մեջ, արդարև, չեմ հիշում մի օր՝ որ ես տխրած լինեի, կամ Յուլիայից վշտացած: Նա ամեն ինչ էր ինձ համար, և՛ սեր, և՛ կյանք, և՛ հարստություն: Նրան ժառանգելով՝ ես կարծում էի թե՝ ժառանգել եմ արդեն աշխարհի բոլոր բարիքները միասին:
Բայց այս ամենը, իհարկե, միջանկյալ էր: Այժմ մեր զրույցը շարունակենք:
Ասացի, որ մեր տան խոսակցությունն էլ հաճախ վերաբերում էր իմ խորհրդավոր այցելուներին։ Եվ իրավ, ամեն անգամ, երբ վերադառնում էի ես ծառայությունից, Յուլիան դիմավորում էր ինձ ժպտադեմ և թևանցուկ անելով՝ քնքշաբար հարցնում.
— Դեհ, ասա, սիրելիս, այսօր քանիսի՞ն ուրախացրիր...
Ես սկսում էի պատմել թե՝ ո՞վ ուներ նամակ. ո՞վ ձեռնունայն վերադարձավ, ո՞վ չերևաց այդ օրը, կամ ի՞նչ նոր հաճախորդ լույս ընկավ։
Այս զրույցները այնքան էին սովորական դարձել, որ Յուլիան, մինչև անգամ, տեսած չլինելով իմ այցելուներին, ճանաչում էր նրանց իրենց հասցեներով, կամ իմ նկարագրած արտաքինով։ Ուստի և հաճախ այսպիսի հարցեր էր տալիս։
— Ն. Պ. նամակ ունե՞ր. №150-ը չերևա՞ց, ծավի աչքերով օրիորդը եկա՞վ, սևազգեստ այրին հաճախո՞ւմ է. իսկ բեղերը ներկած պարո՞նը. հապա փափլիկ դերասանուհի՞ն ևն. ևն.։
Ես, իհարկե, ինչպես ասացի, գոհացնում էի նրա հարցատիրությունը լիուլի։ Այս առթիվ, երբեմն, մեր զրուլցը երկարում էր և ես, խոսակցությանս միջոցին, սկսում էի դատել կամ ծաղրել մարդկանց, մեղադրելով մինին, արդարացնելով, մյուսին և վերջ ի վերջո գալիս այն եզրակացության՝ որ ամեն մարդ, անշուշտ, ունի մի գաղտնիք, որ ծառայում է յուր ներքին, անհատական երջանկությանը՝ ի վնաս յուր ընկերներիդ կամ հարազատի բարօրության։
Օ՜, որքա՜ն ծնողներ կան, բացականչում էի ես, որոնք հրեշտակների տեղ են դնում իրենց զավակներին և դրվատում