նրանց հրապարակով, որքան ամուսիններ կան, որոնք առաքինության տիպար են համարում իրենց կանանց, կամ տիկնայք՝ որոնք ամուսիններին միակ հավատարիմներն են ճանաչում աշխարհում և սակայն դրանց բոլորին ճանաչում է փոստի նամակաբաշխը, նա գիտե, որ աղջիկը խաբում է մորը, կինը՝ ամուսնուն, տղամարդը՝ յուր կնոջը. այրին՝ հարազատին ևն. ևն., բայց խաբվածներից ոչ ոք դժբախտ չէ համարում իրեն, որովհետև խաբված լինելը չգիտե...։
Եվ այս տեսակ մտածության միջոցին, երբ դառնում նայում էի իմ Յուլիայի վրա և տեսնում նրա խաղաղ նայվածքը, որի մեջ ասես յուր հոգվո անմեղությունն էր ցոլանում, կամ լսում նրա խելոք զրույցները, որոնցով նա բարքերի ապականությունն էր դատափետում, ինքս ինձ հիանում ու փառք էի տալիս աստծուն, որ նա արժանացրել է ինձ այնպիսի մի կնոջ, որ ամբողջ գլխով բարձր է յուր քույրերից և որի վերաբերմամբ համարձակ կարող էի ասել՝ ահա կին, որ արատ չունի, ահա ամուսին, որով կարող եմ պարծենալ։ Ա՜խ, ինչ լավ բան է հավատը...— բացականչեց կառավարիչը և գարեջրի գավաթը վերցնելով՝ դատարկեց այն մի ումպով և ապա նորից լցնելով՝ առջևը դրավ ու շարունակեց։
— Մի առավոտ փոստատուն մտավ մեր լավ ծանոթներից մինը։ Սա երիտասարդ դերասան էր, որ յուր շնորհալի խաղով քիչ ժամանակի մեջ մեծ հռչակ էր ձեռք բերել մայրաքաղաքում։ Եվ որովհետև տաղանդի հետ միասին նա ուներ և գրավիչ արտաքին, ուստի բոլոր կանայք սիրում էին նրան, իսկ օրիորդները՝ գրեթե պաշտում։ Այս պատճառով այն ներկայացումներին, որոնց մասնակցում էր Շուբինը (այս էր երիտասարդի ազգանունը), ներկա էր լինում միշտ ահագին թվով ժողովուրդ։ Եվ որովհետև շատերը ցանկանում էին ձեռք բերել արտիստի ծանոթությունը, ուստի նա ընդունվեցավ և ընտանիքներում։
Մեր բարեկամներից մինի տանը ծանոթացանք Շուբինի հետ ես և ամուսինս։ Եվ որովհետև պարոնը այցելեց մեզ սիրով, ուստի ես ևս փոխարինեցի նրան, այլև մի անգամ ճաշի հրավիրելով՝ պատվեցի արտիստին իմ հարկի տակ։ Այստեղից մեր մեջ սկսվեց մի բարեկամություն, որ թեպետ մի