առանձին ջերմություն չուներ, բայց հաճոյական էր միշտ։ Այս պատճառով ամեն անգամ, երբ մեր ծանոթները հավաքվում էին, Շուբինն անպակաս էր նրանց մեջ։ Պարոնի ասելով՝ նա ոչ ոքին չէր այցելում այնպես սիրով, ինչպես մեզ, որովհետև իմ անկեղծությունն ու բարությունը, իսկ Յուլիայի շնորհալի զրուցատրությունը գրավել էին նրան։
Իրավունք չունեի չհավատալ պարոնին, որովհետև նա այդ ասում էր այնպիսի մի սրտաբաց մտերմությամբ, որի մեջ հետին մտքերի ամենափոքր ստվեր չէր կարելի նշմարել։
Բшյց և այնպես ես զարմանում էի, որ Շուբինը այդքան սիրված լինելով քաղաքում, երբեք չէր դիմում ինձ «ցպահանջ» մակագրությամբ որևէ նամակ ստանալու։ Այս առթիվ խոսում էինք մենք հաճախ և ծիծաղում։
Եվ սակայն շուտով նրա հերթն էլ հասավ։ Հիշածս առավոտը մտնելով փոստատուն, նա մոտեցավ ինձ և ասաց։
— Վասիլ Իվանիչ, եթե «a.b.c.» տառերով նամակ ստանալու լինիք, խնդրեմ պահեք այն և հանձնեք ծառայիս։
— Ձեր ծառայի՞ն,— հարցրի ես զարմացմամբ։
— Այո՛, միայն նրան։
— Իսկ նա հավատարի՞մ է ձեզ,— հարցրի նորից խորհրդավոր զգուշությամբ։
— Օ՜, շունից ավելի,— պատասխանեց նա և ընդնմին շտապով ավելացրեց,— էհ, ցտեսություն, հուսամ չեք մոռանալ «а.b․c. ցպահանջ»։
— Հանգիստ եղեք, երբեք չեմ մոռանալ,— ապահովացրի ես պարոնին։ Եվ ապա երբ հեռացավ, ինքս ինձ մտածեցի սա էլ ուրեմն դարձավ իմ ժողովուրդը։
Եվ սակայն այս հայտարարությունը հաճելի եղավ ինձ այն պատճառով, որ այդ օրը Յուլիային կարող էի հայտնել մի նորություն։
Երբ տուն վերադարձա, առաջին խոսքս եղավ՝
— Կարո՞ղ ես գուշակել թե ի՞նչ նոր հաճախորդ ունիմ։
— Նոր հաճախո՞րդ,— հարցրեց ինձ Յուլիան, առանց յուր աչքերը կարից վերցնելու։
— Այո։
— Ո՞վ է։