Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչ է պատահել, սիրելի բարեկամ, ասա վերջապես, համբերությունս հատավ,— ընդհատեցի ես, գրեթե բարկությամբ։

— Ա՛յն, որ մեր Մարջանյանը, մեր երդվյալ ազգասերը, մեր բարեգործական ընկերությունների աստղը ընկել, մեռել, խավարել է հավիտյան։

— Այլաբանությունները թող, իրողության մասին խոսիր։

— Քանի օր առաջ գրագետների մի ժողովում խոսք բացվեցավ նրա մասին։ Ասացին թե՝ վաղուց է ինչ դադարել է ազգային գործերով զբաղվելուց, թե այլևս չէ հաճախում ընկերական ժողովներ, չէ մասնակցում այդ հիմնարկության օգտին տրվող ներկայացման կամ երեկույթներին, չէ ընդունում յուր տանը հին ընկերներին, որոնք ոչ այլ ոք էին, եթե ոչ զտարյուն ազգասերներ և ազգային գործիչներ, միով բանիվ, թեպետ ապրում է Թիֆլիսում, բայց կարծես փակված է բանտի մեջ. դուրս է գալիս տանից միայն երեկոները և ծանոթի կամ բարեկամի պատահելուց աշխատում է խույս տալ նրանցից... Այս ամենը, արդարև ինձ տարօրինակ թվացին։ Այդպիսի մի վառվռուն, եռանդոտ և անձնվեր գործ չի հասարակական ասպարեզից հանկարծ հեռանալը՝ չէր կարող կապ չունենալ որևէ մի խորհրդավոր, մի mysterieux գաղտնիքի հետ... Այդպե՞ս է թե ոչ։

— Չգիտեմ. գուցե։

— Այո՛, այդպես է։ Եվ ես իմ ընկերներին առաջարկեցի լուծել այդ հարցը։

— Ի՞նչ հարց։

— Թե արդյոք պ. Մարջանյանի այդ տարօրինակ վարմունքը կապ ունի՞ մի խորախորհուրդ գաղտնիքի հետ, թե՞ ոչ։

— Հետո՞։

— Այդ հարցը չկարողացան լուծել իմ ընկերները, չնայելով որ դրանք բոլորն էլ պատկանում էին հոգեբանների կարգին։

— Վե՞րջը։

— Ես լուծեցի, այսինքն նախ գուշակեցի և հետո հասու