Այս էջը հաստատված է

Եվ որպեսզի այդ քեֆը թերատ չթողնեինք, մենք սկսանք նաև եռանդով երգել։

Հենց այդ միջոցին պատահմամբ ձեռքս ծոցս տարի և շոշափեցի այդտեղ Շուբինի նամակը։

— Ախ, ինչ հիմարություն արի ես,— բացականչեցի հանկարծ, այս նամակը պետք է տիրոջը հանձնեինք։

— Ի՞նչ նամակ,— հարցրեց ընկերս։

— Այ, այս a.b.c.-ն։

— Թող, բան չունիս, դրա տիրոջ հերն անիծած. ի՞նչ կկորցնե եթե վաղն ստանա։

— Ցպահանջ է, այ մարդ, կարող է ժամադրության խանգարում պատճառել,— նկատեցի ես ծիծաղելով։

— Ինձ ի՞նչ, թող խանգարվի։ Բայց չէ, տուր ինձ այդ նամակը, ես պիտի կարդամ, տեսնեմ ո՞վ է դա, որ հաճախ ժամադրություններ է նշանակում։ Անշուշտ գեղարվեստի երկրպագուներից մինն է...

— Թող, բան չունի՞ս,— ասացի ես լրջությամբ և կամեցա ծոցս դնել ծրարը։ Բայց ընկերս արագությամբ հափշտակեց այն ձեռքիցս և մի ակնթարթում ծրարը պատառեց։

— Երդվեցնում եմ քեզ այն ամենով, ինչ որ սուրբ է քեզ համար մի կարդար այդ նամակը,— բացականչեցի ես։

—Ծրարն արդեն պատառել եմ, այսպես հո չես կարող տիրոջը վերադարձնել,— պատասխանեց ընկերս՝ շարունակ ծիծաղելով և ինձանից փախչելով։

— Ուրիշ ծրարում կդնեմ, թող։

— Անկարելի է, այս նամակը պիտի կարդանք,— ասաց նա վճռաբար։

— Ուրեմն մի պայմանով,— հարեցի ես, տեսնելով որ նրա ձեռքից չեմ կարող այս գիրն ազատել։

— Ի՞նչ պայմանով,— հարցրեց նա։

— Այն, որ առաջ ես կարդամ և եթե հարմար գտնեմ բովանդակությունը քեզ հաղորդելու, այն ժամանակ միայն հաղորդեմ ։

— Համաձայն եմ,— ասաց ընկերս և վերադարձրեց նամակը։

Եթե գինին տաքացրած չլիներ ուղեղս, գուցե, այդ գրի