երիտասարդին,— ես արդեն հետևեցի քո խելոք խորհրդին և հայտնեցի ամուսնուս թե՝ հրավիրված եմ իմ քեռու տանից, ուր, ինչպես գիտես, նա ոտք չէ դնում։ Ուրեմն ես առաջ կայցելեմ քեռուս, որպեսզի, համենայն դեպս, եղած լինեմ նրա մոտ. իսկ հետո, ժամը երկուսին կառքով կմոտենամ Դ-ի այգուն, ուր, հույս ունիմ, ժամ առաջ սպասում կլինես դու ինձ։
Առայժմ ուղարկում եմ քեզ իմ ջերմագին համբույրները։
Ց՛փութով տեսություն, քո Յուլիա»։
Այժմ, պարոններ, ավելորդ է նկարագրել ձեզ այն հոգեկան տանջանքները, որ ես կրեցի այդ զարհուրելի ժամերին։
Այդ նկարագիրն անելու համար վիպասան պիտի լինի մարդ։
Ես միայն կշարունակեմ իմ պատմությունը, որը վերջացնելու համար քիչ բան է մնում ինձ ասելու։
Չարագուշակ նամակը կարդալուց և ինձ հասած դժբախտության մեծությունը չափելուց հետ ես դուս եկա այգուց՝ առանց իմ ընկերից տեսնվելու և խելագարի պես ոտքով հասա քաղաք։ Եվ որովհետև որոշել էի գնալ անձամբ տեսնել, թե ինչպես է Յուլիան յուր սիրելիի հետ զվարճանում, ուստի կառք նստեցի և սլացա դեպի այն կողմը, ուր գտնվում էր Դ-ի այգին։ Սա քաղաքից հեռու լինելու պատճառով՝ հաճախորդներ չէր ունենում, բայց խիստ հարմար էր մենավոր տեսակցության համար։
Պարտիզի դուռը փակ գտնելով, ես մինչև անգամ, չբախեցի այն, այլ դռան վրայից թռչելով՝ ներս մտա և դիմեցի ուղղակի դեպի միակ հովանոցը, որ գտնվում էր այգու խորքում և շրջապատված էր տերևախիտ ուստերով։
Եվ ի՞նչ տեսա այդտեղ։ Հովանոցի մեջ բացված ճոխ սեղանի առաջ նստած էր Յուլիան, աջ ձեռքով բռնած գինու բաժակը, իսկ ձախով՝ քնքշաբար հոմանուն կռթնած։ Ինձ տեսնելուց նա մի ճիչ արձակեց և բաժակը ձգելով՝ ձեռքերով ծածկեց երեսը, որ արդեն սփրթնել, կտավի գույն էր առեք։
Շուբինը նույնպես վեր թռավ տեղից և այլայլված արձանացավ հովանոցի մի անկյունում։
Ես հառեցի աչքերս Յուլիայի վրա և անխոս նայում էի նրան ամբողջ մի վայրկյան։ Ապա գլուխս տխրությամբ շարժելով հեռացա այդտեղից առանց մի բառ արտասանելու։