Այս էջը հաստատված է

Ա

Սրբազանը դեռ նոր էր զարթնել քնից, երբ առաջանորդարանի ծառան ներս գալով՝ հայտնեց սենեկապան սպասավորին թե՝ Մայր եկեղեցու լուսարարը վաղուց սպասում է դռանը՝ սրբազանին տեսնելու համար։

— Ի՞նչ ունի լուսարարը սրբազանի հետ,— հարցրեց սենեկապետը մի առանձին արհամարհանքով։

— Չգիտեմ, ասում է թե գաղտնիք ունի սրբազանին հաղորդելու։

— Գաղտնի՞ք։

— Այո։

— Այդ հետաքրքրական է, կանչիր նրան այստեղ,— հրամայեց սենեկապետը, ընդունելով որ քահանաներից մինը անպատճառ դավադրություն է սարքել սրբազանի դեմ։

Մի քանի րոպեից ներս մտավ լուսարարը։

Սա մի նիհար, միջին հասակով, համակրելի դեմքով և քաղցր նայվածքով երիտասարդ էր։ Տարիքը կլիներ մոտ երեսուն։ Եվ որովհետև սարկավագի աստիճան ուներ, ուստի հագած էր երկար պարեգոտ, որ նրա դալկահար ու մորուսով ծածկված դեմքին տալիս էր բարեպաշտ հավատավորի կերպարանք։

— Ի՞նչ ունիս սրբազանի հետ, որ այսպես վաղ կամենում ես անհանգստացնել նրան,— հարցրեց սենեկապանը՝ դիտելով լուսարարին մի բարձրահոն նայվածքով։

— Շատ կարևոր հաղորդելիք,— պատասխանեց վերջինս։