Այս էջը հաստատված է

— Սրբազանի նամակը... ձեր ինչին է պետք. մասնավոր գործի համար է։

— Ոչ, պ. բժիշկ, ես նրան այսօր մի առաջարկություն եմ արել, և նա կարծեց թե՝ խելագարվել եմ։ Այդ պատճառով ինձ ղրկել է այստեղ, որ դուք քննեք ինձ, այնպես չէ՞:

Բժիշկը նայեց լուսարարի վրա և ակամա ժպտաց.

— Այդ ճշմարիտ է։ Եվ եթե այդքանն արդեն դուք գուշակել եք։

— Կնշանակե խելագար չեմ, այնպես չէ՞։

— Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց միևնույն է։ Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ առաջարկություն եք արել սրբազանին։

— Ես նրան առաջարկեցի թույլ տալ ինձ՝ վերցնել մեր եկեղեցու վերնատանը պահվող բոլոր պսակները և ջախջախել: Նա ինձ չմերժեց այդ, բայց ասաց թե՝ ձեզանից ևս պիտի իրավունք առնե։ Եվ այժմ ես եկել եմ դրա համար, իսկ դուք ինձ քննում եք իբրև խելագարի:

— Բայց դուք ինչի՞ համար եք կամենում պսակները փշրել:

— Նրա համար, որ նրանք պղծում են եկեղեցին։

— Ինչպե՞ս թե պղծում են։

— Այնպես էլի, նրանք իրենք վկայում են, որ իրանց գոյությունը այդ եկեղեցում նախատինք է տաճարի սրբության համար։

— Այսինքն դուք ինքներդ եք ասում, թե՞ պսակները։

— Իհարկե, պսակները։

— Նրանք, ուրեմն, խոսո՞ւմ են։

— Փառավորապես։

— Եվ դուք լսո՞ւմ եք նրանց։

— Այնպես պարզ, ինչպես որ այժմ լսում եմ ձեզ։

— Ինչպե՞ս եք լսում, հապա պատմեցեք,— ասաց բժիշկը, ինքն իր մեջ ուրախանալով, որ ահա վերջապես հաջողվեց իրեն մի բան պատմել տալ հիվանդին, որը եթե պատմության թելը կորցնե, կամ դեպքերի հետևությունը կխառնե իրար, կնշանակե թե, ինքը հարկ եղած ուշադրությունը կդարձնե նրա հայտնած տարօրինակ նորության վրա։

— Եթե այդ հարցը սրբազանն արած լիներ, պ. բժիշկ,