Այս էջը հաստատված է

այդտեղ։ Երբեք մի երկյուղ, կամ թաքուն զգացմունք չէ խռովել հոգիս, ինչպես այդ պատահում է շատերի հետ։ Իմ ընկերներից մինը, օրինակ, ասում էր թե՝ եկեղեցին ժողովրդից թափուր եղած ժամանակ, երկյուղ է ազդում իրան. իսկ մի ուրիշը կարծում էր, որ եթե գիշերը պատահմամբ մնա եկեղեցում, երկյուղից կարող է մեռնել։ Այդպիսի բաներ ինձ հետ չեն պատահել։ Ես հաճախ սուրբ գիրքը կարդալուց՝ հոգնել ու քնել եմ եկեղեցում, օրը անցել ու գիշերը վրա է հասել։ Եվ երբ զարթնելով տեսել եմ ինձ տաճարում, դուրս եմ եկել այդտեղից հանգիստ սրտով, առանց որևէ երկյուղ զգալու։

Բայց ահա քանի օր է ինչ մի տարօրինակ դեպք անհանգստացնում է ինձ։ Այդ առթիվ էր, որ ես սրբազանի մոտ գնացի, բայց նա չկամեցավ ինձ լսել և ուղարկեց ձեզ մոտ։ Այժմ դուք լսեցեք և ասացեք ճի՞շտ է այն կարծիքը, որ ես կազմել եմ իմ մասին թե ոչ...

— Ի՞նչ կարծիք:

— Այն թե եկեղեցու սրբության ոգին կամենում է իմ միջոցով խոսել ժողովրդի հետ և հայտնել նրան ճշմարտություններ, որոնց անծանոթ է նա մինչև այսօր։

«Ահա, եղջյուրներն երևում են»... մտածեց ինքն իրան բժիշկը և ապա լուսարարին դառնալով՝ ասաց.— Խոսեցեք, Ես այդ կասեմ, երբ մինչև վերջը կլսեմ ձեզ։

— Բարի,— հարեց սարկավագը և դիրքը աթոռի վրա ուղղելուց ետ՝ շարունակեց.— Եթե ես սիրում եմ եկեղեցին, պ. բժիշկ, բնական է, որ սիրեմ, նաև, եկեղեցական փառավոր հանդեսները, շքեղ թափորները, փայլուն հուղարկավորությունները, այնպե՞ս է թե ոչ։

— Անշուշտ։

— Էհ, պիտի իմանաք, որ ես, իսկապես, ամենից ավելի սիրում եմ վերջինը, այն է՝ հուղարկավորությունը, որովհետև նրա շարժառիթը սովորական լինելով հանդերձ, միևնույն ժամանակ և շատ խորհրդավոր է։ Հանկարծ մի մարդ, որ երեկ ապրում էր մեզ հետ, որ տեսնում էր աստծո լույսը և շնչում երկրի օդն այնպես, ինչպես մյուս բոլոր մարդիկ, որ ուներ զգացումներ՝ վշտի և ուրախության համար և տենչանքներ՝ լավագույնին տիրելու, որ եռանդով մաքառում էր