Այս էջը հաստատված է

հակառակորդի դեմ, կամ աննահանջ կռվում մի ափ գետին ավելի ստանալու հույսով, այսօր անսպաս թողնում է անխոս ու անտրտունջ հեռանում է աշխարհից՝ նրա գոյությունը բացասելով, հեռանում է մեզանից՝ մեր ձգտումները ծաղրելով.․․

Այս կետը մտածել է տալիս մեզ, այնպես չէ՞, և այս առթիվ երկար կարելի էր խոսել. բայց ես չեմ կամենում մտադրյալ նյութից հեռանալ...

— Հըմ... Ուրեմն սխալվում ենք.— մտածեց դարձյալ բժիշկը և ուշադրությունը լարեց։

— Այո, չեմ կամենում հեռանալ, որովհետև խնդիրը կապ ունի միայն հուղարկավորության հետ, ուստի նրա վերաբերմամբ էլ պիտի խոսեմ։

Մեզ մոտ, հո գիտե՞ք, ինչպես փառավոր են թաղում։ Այս բազմամարդ ու բազմացեղ քաղաքում միայն հայոց հուղարկավորություններն են, որոնք գրավում են առանձին ուշադրություն։ Ես շատ օտարազգիներից եմ գովեստներ լսել դրանց արտաքին փայլի ու շուքի մասին։ Զվարճախոսներից մինը, մինչև անգամ, ասում էր մի օր թե՝ «անկարելի է, որ հայոց մեռելների հարությունը հասարակ ձևով կատարվի․ երևի երկնային ոգիները նույնպիսի հանդեսներով կհարուցանեն նրանց, որպիսի հանդեսներով որ թաղված են»։ Սա, իհարկե, կատակ է։ Բայց ես պիտի խոստովանեմ, որ չափազանց շատ եմ սիրում այդ հանդեսները։ Եվ որքան այնոնք ավելի շքեղ ու փառավոր են լինում, այնքան ավելի ինձ հիացումն ու հափշտակություն են պատճառում։ Հուղարկավորության հանդեսի մեջ ամենից ավելի ինձ գրավում է այն դիակառքը, որ ծածկված է լինում պսակներով։ Օհ, այդ պսակները, հանգուցյալների այդ տխրաշուք արդուզարդերը միակ սիրածս շքեղություններն են աշխարհում... Այդ բազմերանգ ծաղկահյուսերը, իրենց մեծագին ժապավեններով, իրենց ոսկետառ և հաճախ սրտաշարժ մակագրություններով՝ ոչ միայն գեղեցկին սիրահար աչքերս են պարարում, այլ սիրտս լցնում են մի թաքուն, միայն ինձ հասկանալի երկյուղածությամբ։ Ինձ թվում է, թե դրանք պատկերացնում են ընդհատված կյանքի օղակները, որոնք իրարից տարաբաժան, անկարող են այլևս միանալ։

Դրան միևնույն ժամանակ ամփոփում են իրանց մեջ՝