Այս էջը հաստատված է

նարնջածաղկի փնջերով։ Նրա լայնադրոշ ժապավենի վրա գրված է այսպիսի մի մակագրություն՝ Անկեղծ ու ազնիվ բարեկամին՝ վշտահար Ա. Ե.-ից:

Ես կարդում եմ այդ մակագրությունը և ինքս ինձ մտածում.— այստեղ գրված են միայն չորս բառեր։ Բայց որքան զգացմունքներ են պարունակում նրանք։ Եթե մինը լիներ և մեզ այդ մտքերը բացատրեր, կամ այդ զգացմունքների պատմությունը աներ, դրանով նա որքան խրատական, կամ որպիսի գորովաշարժ պատկերներ կբանար մեր առաջ... Այսպես մտածելով՝ ես դառնում էի պսակին։

— Ասա, ով անշունչ իր. դու, որ առաջին անգամ գրկեցիր քո տիրոջ դիակն, արդյոք ճանաչեցի՞ր նրան, իմացա՞ր որ աշխարհում նա եղել է մարդկանց անկեղծ ու ազնիվ բարեկակամը: Արդյոք ոգիները չպատմեցի՞ն քեզ նրա անցյալը, կամ չշշնջացի՞ն ականջիդ թե՝ ի՞նչ մեծ պատվի արժանացար. որովհետև քո ծաղիկները չէին, որոնք զարդարեցին հանգուցյալին, այլ նա ինքն էր, որ շուք տվավ քո գոյությանը։ Զի դու հյուսած ես այն նյութերից, որոնց բնությունն առատորեն սփռում է ամեն տեղ և զորս ամեն ձեռք կարող է ժողովել ու փնջել, մինչդեռ անկեղծ ու ազնիվ բարեկամներ, որոնք աշխարհից հեռանալով՝ վշտահար թողնեին սրտերը, չկան, ամեն տեղ նրանք հազվագյուտ են խիստ։ Եթե չես իմացել այդ բոլորը, գեթ այժմ գիտցիր այն, որ այդպիսի անձի դագաղը գրկելուդ համար է, որ արժանացել ես դու սրբարանում կախվելու։

Այս եղանակով էլ դառնում էի մի ուրիշին, որ հյուսած էր սպիտակ վարդերից և եզերված ձյունափայլ շուշաններով և որ յուր կերպասե ժապավենի վրա ուներ այսպիսի մակագրություն.

«Անկաշառ հրապարակախոսին,
ճշմարտության դրոշի տակ
Ազնվաբար մարտնչողին»:

Այսպիսի մակագրությունն ինձ արդեն հիացնում էր. ես կարդում էի այն մի քանի անգամ և ոգևորված բացականչում.— «Դեհ, խոսիր, ով պսակ, պատմիր կյանքն այն մեծ